ՀՌՈՎՄԵԱՑԻՍ3
  • 1Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը։
  • 2Շատ, ամեն կերպով. Առաջ հէնց նա որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան։
  • 3Բայց ի՞նչ. Եթէ ոմանք չ’հաւատացին, մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. քաւ լիցի։
  • 4Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։
  • 5Բայց եթէ մեր անիրաւութիւնն Աստուծոյ արդարութիւնը յայտնի երեւացնում է, ի՞նչ ասենք. Մի՞թէ անիրաւ է Աստուած, որ բարկութիւնը բերում է։
  • 6Մարդի կերպով եմ ասում, քաւ լիցի. ապա Աստուած ի՞նչպէս կ’դատէ աշխարհքը։
  • 7Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնն իմ ստութիւնովն աւելացաւ նորա փառքի համար, էլ ի՞նչու եմ ես մեղաւորի պէս դատվում։
  • 8Եւ ի՞նչու համար այնպէս չ’անենք ինչպէս չարախօսվում ենք, եւ ինչպէս ոմանք ասում են մեզ համար, թէ ասում լինինք, թէ Չար գործենք՝ որ բարին գայ. Որոնց դատաստանը արդար է։
  • 9Եւ հիմա ի՞նչ. Աւելի՞ ենք. Ամենեւին ոչ. Որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, թէ ամենքը մեղքի տակ են.
  • 10Ինչպէս որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։
  • 11Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող,
  • 12Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. Չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։
  • 13Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։
  • 14Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։
  • 15Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար։
  • 16Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը։
  • 17Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին։
  • 18Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ։
  • 19Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. որ ամեն բերան խփուի, եւ բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի։
  • 20Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։
  • 21Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով.
  • 22Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չ’կայ։
  • 23Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.
  • 24Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկութեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։
  • 25Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։
  • 26Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է.
  • 27Հիմա ո՞ւր է պարծանքը. Խափանուեցաւ. Ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. Ոչ, այլ հաւատքի օրէնքովը։
  • 28Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։
  • 29Մի՞թէ Աստուած միայն Հրէաներինն է, եւ հեթանոսներինն էլ չէ. Այո, հեթանոսներինն էլ է։
  • 30Որովհետեւ մէկ Աստուած է՝ որ արդարացնում է թլփատութիւնը հաւատքից եւ անթլփատութիւնը նոյն հաւատքովը։
  • 31Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. Քաւ լիցի. Այլ օրէնքը հաստատում ենք։
← Ցանկ