Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ15
  • 1Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք.
  • 2Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։
  • 3Որովհետեւ ես առաջուց այն տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ գրքերի համեմատ։
  • 4Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համեմատ։
  • 5Եւ թէ երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին։
  • 6Յետոյ երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մէկ անգամ, որոնցից շատերը մինչեւ հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։
  • 7Եւ յետոյ երեւեցաւ Յակոբին, յետոյ բոլոր առաքեալներին։
  • 8Ամենից յետոյ՝ իբր թէ մի վիժածի՝ ինձ էլ երեւեցաւ։
  • 9Որովհետեւ ես առաքեալների յետինն եմ. Որ արժանի չեմ առաքեալ կոչուելու. որովհետեւ Աստուծոյ եկեղեցին հալածեցի։
  • 10Բայց Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ. Եւ նորա շնորհքն որ ինձանում է ունայն չ’եղաւ. այլ նորանց ամենիցն աւելի աշխատեցի. սակայն ոչ թէ ես, այլ Աստուծոյ շնորհքը որ ինձ հետ է։
  • 11Արդ թէ ես՝ թէ նորանք, այսպէս ենք քարոզում, եւ դուք այսպէս հաւատացիք։
  • 12Բայց եթէ Քրիստոսը քարոզվում է՝ թէ մեռելներից յարութիւն է առել, ի՞նչպէս են ձեզանից ոմանք ասում, թէ Մեռելների յարութիւն չ’կայ։
  • 13Եթէ մեռելների յարութիւն չ’կայ, ապա Քրիստոսն էլ չէ յարութիւն առել։
  • 14Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ։
  • 15Եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում, որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուաւ, որին չ’յարուցրեց, եթէ արդարեւ մեռելները յարութիւն չեն առնում։
  • 16Որովհետեւ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չէ առել.
  • 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը. եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։
  • 19Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։
  • 20Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։
  • 21Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը.
  • 22Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։
  • 23Եւ ամեն մէկն իր կարգումը. Առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։
  • 24Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։
  • 25Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։
  • 26Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։
  • 27Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։
  • 28Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. Որ Աստուած լինի ամենը ամենում։
  • 29Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չ’առնեն. էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում։
  • 30Եւ մենք ի՞նչու ամեն ժամանակ վտանգի մէջ ենք։
  • 31Երդնում եմ ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես ամեն օր մեռնում եմ։
  • 32Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք։
  • 33Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։
  • 34Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։
  • 35Բայց մէկը կ’ասէ. Մեռելներն ի՜նչպէս յարութիւն կ’առնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կ’գան։
  • 36Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։
  • 37Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. Թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։
  • 38Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։
  • 39Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։
  • 40Կան երկնաւոր մարմիններ էլ, երկրաւոր մարմիններ էլ. Բայց ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը։
  • 41Ուրիշ է արեգակի փառքը, եւ ուրիշ է լուսնի փառքը, եւ ուրիշ է աստղերի փառքը. Որովհետեւ մի աստղ միւսից զանազանվում է փառքով։
  • 42Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։
  • 43Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։
  • 44Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։
  • 45Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։
  • 46Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։
  • 47Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը երկնքից։
  • 48Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։
  • 49Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։
  • 50Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։
  • 51Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։
  • 52Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։
  • 53Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։
  • 54Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։
  • 55Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։
  • 56Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։
  • 57Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
  • 58Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը։
← Ցանկ