ԵՓԵՍԱՑԻՍ6
- 1Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։
- 2Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,
- 3Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։
- 4Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։
- 5Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.
- 6Ոչ թէ աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց,
- 7Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց.
- 8Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կ’ընդունի Տէրիցը. թէ ծառայ լինի եւ թէ ազատ։
- 9Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ թողելով սպառնալիքը. գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, եւ նորա առաջին երեսպաշտութիւն չ’կայ։
- 10Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։
- 11Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։
- 12Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։
- 13Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.
- 14Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,
- 15Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։
- 16Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
- 17Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։
- 18Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,
- 19Եւ ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը.
- 20Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։
- 21Բայց որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան.
- 22Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։
- 23Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
- 24Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։