ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ1
  • 1Սորանք են այն խօսքերը որ Մովսէսը բոլոր Իսրայէլին ասեց Յորդանանի այս կողմումը անապատի մէջ, որ Սուփի դիմացի դաշտումը՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերովթի եւ Տիզահաբի մէջտեղումն է։
  • 2(Քորեբից մինչեւ Կադէս-բառնեայ տասնեւմէկ օր է Սէիր սարի ճանապարհովը։)
  • 3Եւ եղաւ քառասներորդ տարուայ տասնեւմէկերորդ ամսի մէկին, որ Մովսէսն ասեց Իսրայէլի որդկանց՝ ինչպէս որ Եհովան բոլորը նորան պատուիրել էր նորանց համար,
  • 4Եսեբոնում բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորին եւ Աստարովթի ու Եդրայիում բնակող Բասանի Ովգ թագաւորին զարկելուց յետոյ.
  • 5Յորդանանի այս կողմումը Մովաբի երկրի մէջ Մովսէսը սկսեց այս օրէնքը բացատրել, ասելով.
  • 6Մեր Եհովայ Աստուածը խօսեց մեզ հետ Քորեբի վերայ եւ ասեց. Հերիք է ձեզ՝ այս սարումը մնալը.
  • 7Դարձէք եւ չուեցէք ու գնացէք դուք Ամօրհացիների սարը, եւ նորա բոլոր բնակողների մօտ, դաշտումը, սարումը, ու հովիտումը, եւ հարաւային կողմումը, եւ ծովեզերքումը, Քանանացիների երկրումը եւ Լիբանանումը, մինչեւ մեծ գետ՝ Եփրատ գետը։
  • 8Ահա այն երկիրը ձեզ եմ տուել. գնացէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որը Եհովան ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ, որ տայ նորանց եւ նորանցից յետոյ նորանց զաւակներին։
  • 9Եւ այն ժամանակը ես ձեզ հետ խօսեցի եւ ասեցի. Ես մինակ չեմ կարող ձեզ տանել.
  • 10Ձեր Եհովայ Աստուածը ձեզ շատացրեց, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք։
  • 12Ես մինակ ի՞նչպէս տանեմ ձեր նեղութիւնը, ձեր բեռը եւ ձեր վէճը։
  • 13Դուք ձեր ցեղերից իմաստուն եւ հանճարեղ եւ անուանի մարդիկ տուէք, եւ ես նորանց ձեզ վերայ իշխաններ դնեմ։
  • 14Իսկ դուք ինձ պատասխանեցիք եւ ասեցիք. Լաւ է անել այդ խօսքը որ ասեցիր։
  • 15Եւ ես առայ ձեր ցեղերի գլխաւորներին՝ իմաստուն եւ անուանի մարդիկ, եւ նորանց ձեզ վերայ իշխաններ կարգեցի, հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ եւ ոստիկաններ ձեր ցեղերի համեմատ։
  • 16Եւ այն ժամանակ պատուիրեցի ձեր դատաւորներին ասելով. Ձեր եղբայրների միջի դատերը լսեցէք, եւ արդարութեամբ դատեցէք ամեն մարդի դատը թէ իր եղբօր հետ եւ թէ օտարականի հետ։
  • 17Դատաստանի մէջ աչառութիւն չ’անէք, փոքրին մեծի պէս լսէք, բնաւ չ’վախենաք մարդի երեսից. որովհետեւ դատաստանը Աստուծունն է. եւ այն բանը, որ ձեզ համար դժուար լինի, ինձ ներկայացնէք, եւ ես կ’լսեմ այն։
  • 18Եւ այն ժամանակը ձեզ պատուիրեցի ձեր ամեն անելու բաները։
  • 19Յետոյ Քորեբից չուեցինք, եւ գնացինք այն ձեր տեսած բոլոր մեծ եւ ահագին անապատը, Ամօրհացիների սարի ճանապարհովը՝ ինչպէս որ մեր Եհովայ Աստուածը մեզ պատուիրել էր, եւ եկանք մինչեւ Կադէս-բառնեայ։
  • 20Եւ ձեզ ասեցի. Դուք Ամօրհացիների սարը եկաք, որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։
  • 21Տես քո Եհովայ Աստուածը այդ երկիրը քեզ է տուել. վեր ելիր, ժառանգիր, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասեց. Մի վախենար եւ մի զարհուրիր։
  • 22Եւ դուք ամենքդ ինձ մօտ եկաք, եւ ինձ ասեցիք. Մեր առաջից մարդիկ ուղարկենք, որ երկիրը լրտեսեն մեզ համար, եւ մեզ լուր բերեն այն ճանապարհի համար, որով պիտի վեր ելնենք, եւ այն քաղաքների համար, որոնց մէջ պիտի մտնենք։
  • 23Եւ այս խօսքը ինձ հաճոյ թուեցաւ, եւ ձեզանից տասնեւերկու մարդ առայ, ամեն մէկ ցեղից մէկ մարդ։
  • 24Եւ նորանք գնացին՝ վեր ելան սարը, եւ մինչեւ Եսքողի ձորը հասան, եւ այն երկիրը լրտեսեցին։
  • 25Եւ այն երկրի պտղիցն իրանց ձեռքն առան եւ մեզ մօտ բերին, եւ մեզ լուր բերին ասելով. Լաւ է այն երկիրը որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։
  • 26Բայց դուք չ’ուզեցիք վեր ելնել, եւ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին հակառակեցիք.
  • 27Եւ ձեր վրանների մէջ տրտնջելով ասեցիք. Եհովան մեզ ատելով Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանեց, որ մեզ Ամօրհացիների ձեռքը մատնէ, մեզ կորցնելու համար։
  • 28Մենք ո՞ւր վեր ելնենք. մեր եղբայրները մեր սիրտերը թուլացրին, որովհետեւ ասեցին. Նա մեզանից մեծ եւ բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ եւ պարսպաւոր են մինչեւ երկինքը, եւ նաեւ Ենակի որդիք տեսանք այնտեղ։
  • 29Եւ ձեզ ասեցի. Մի զարհուրիք եւ մի վախենաք նորանցից.
  • 30Ձեր Եհովայ Աստուածը որ ձեր առաջից գնում է, նա ձեզ համար կ’պատերազմէ, ինչպէս որ Եգիպտոսումը ձեր աչքերի առաջ ձեզ արաւ։
  • 31Եւ անապատումն էլ որ տեսար, թէ քեզ քո Եհովայ Աստուածը տարաւ ինչպէս մի մարդ իր զաւակին տանում է, այն բոլոր ճանապարհներումը, որ գնացիք մինչեւ ձեր այստեղ գալը։
  • 32Եւ սորանով էլ ձեր Եհովայ Աստուծուն չ’հաւատացիք,
  • 33Որ ձեր առաջից գնում էր ձեր ճանապարհումը, որ ձեզ համար իջեւանելու տեղ որոնէ, գիշերը կրակի մէջ՝ որ ձեր գնալու ճանապարհը ձեզ ցոյց տայ, եւ ցերեկն էլ ամպի մէջ։
  • 34Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց եւ բարկացաւ, եւ երդում արաւ ասելով.
  • 35Այս մարդկանցից՝ այս չար ազգիցը ոչ մի մարդ պիտի չ’տեսնէ այն բարի երկիրը, որ երդում արի ձեր հայրերին տալու։
  • 36Բացի Յեփոնէի որդի Քաղէբից, նա կ’տեսնէ այն, եւ նորան կ’տամ իր կոխած երկիրը՝ եւ իր որդիներին, որովհետեւ նա կատարելապէս հետեւեց Եհովային։
  • 37Ինձ վերայ էլ բարկացաւ Եհովան ձեր պատճառովը եւ ասեց. Դու էլ պիտի չ’մտնես այնտեղ.
  • 38Նաւէի որդի Յեսուն՝ քո առաջին կանգնողը՝ նա կ’մտնէ այնտեղ. զօրացրու նորան. որովհետեւ նա պիտի ժառանգեցնէ Իսրայէլին։
  • 39Եւ այն ձեր երեխաները, որոնց համար ասում էիք թէ աւար կ’դառնան, եւ այն ձեր որդիները որ այսօր բարին եւ չարը չ’գիտեն, նորանք կ’մտնեն այնտեղ. եւ նորանց կ’տամ այն երկիրը, եւ նորանք կ’ժառանգեն այն։
  • 40Բայց դուք ետ դառէք, եւ չուեցէք Կարմիր ծովի ճանապարհովը դէպի անապատը։
  • 41Եւ դուք պատասխանեցիք եւ ասեցիք ինձ. Եհովայի առաջին մեղք գործեցինք. մենք վեր ելնենք պատերազմենք, ինչպէս որ մեր Եհովայ Աստուածը մեզ բոլորը պատուիրեց. եւ ամեն մէկն իր պատերազմական զէնքն առնելով, թեթեւամտութեամբ ուզեցիք սարը վեր ելնել։
  • 42Եւ Եհովան ինձ ասեց. Ասիր նորանց. Մի ելնէք, եւ մի պատերազմիք, որովհետեւ ես ձեր միջումը չեմ. մի գուցէ ձեր թշնամիների առաջին ջարդուիք։
  • 43Ես էլ ձեզ հետ խօսեցի, բայց դուք չ’լսեցիք, այլ Եհովայի հրամանին հակառակեցիք, եւ յամառութիւն արիք ու սարը վեր ելաք։
  • 44Եւ այն սարումը բնակող Ամօրհացիները ձեր դէմը դուրս եկան ու ձեզ հալածեցին ինչպէս որ մեղուներն են անում, եւ Սէիրումը ձեզ զարկեցին մինչեւ Հօրմա։
  • 45Եւ ետ դառաք եւ Եհովայի առաջին լաց եղաք, սակայն Եհովան ձեր ձայնին չ’լսեց եւ ձեզ ականջ չ’դրաւ։
  • 46Եւ Կադեսի մէջ շատ օրեր կեցաք, որչափ օրեր որ կեցաք։
← Ցանկ