ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ14
  • 1Դուք ձեր Եհովայ Աստուծոյ որդիքն էք, մեռելի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր աչքերի մէջտեղի մազերը չ’քանդէք.
  • 2Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. Եւ Եհովան քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես։
  • 3Ոչ մի պիղծ բան չ’ուտես։
  • 4Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը,
  • 5Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։
  • 6Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք.
  • 7Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չ’ուտէք. Ուղտը, նապաստակը եւ ճագարը. Որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. Նորանք ձեզ համար անմաքուր լինեն։
  • 8Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. Նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չ’ուտէք, եւ նորանց դիակներին չ’դպչէք։
  • 9Ջրերումը բոլոր եղածներից սորանց ուտէք. Ամեն թեւ ու թեփ ունեցողն ուտէք.
  • 11Ամեն մաքուր թռչունն ուտէք։
  • 12Եւ ձեր չ’ուտելու թռչունները սորանք են. Արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը,
  • 13Եւ անգղը, եւ ցինը, եւ ուրուրը իր տեսակին պէս,
  • 14Ու ամեն ագռաւն իր տեսակին պէս,
  • 15Եւ ջայլամը, եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակին պէս,
  • 16Եւ հաւպատիրը, եւ քաջահաւը եւ կարապը,
  • 17Եւ հաւալուսը, եւ սեւ անգղը, եւ հողամաղը,
  • 18Եւ արագիլը, ու քարադրը իր տեսակին պէս, եւ յոպոպը, եւ չիղջը։
  • 19Եւ ամեն թռչող զեռունները ձեզ համար պիղծ լինեն. Նորանք պիտի չ’ուտուին։
  • 20Ամեն մաքուր թռչուններն ուտէք։
  • 21Ինքն իրանից մեռածը բնաւ չ’ուտէք. Քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարազգիի վերայ ծախես. Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մօր կաթի մէջ չ’եփես։
  • 22Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս։
  • 23Եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես քո ցորենի, գինիի եւ իւղի տասանորդը, եւ քո արջառների եւ ոչխարների առաջինեկները, այն տեղը, որ նա իր անունի բնակութեան համար կ’ընտրէ. Որպէս զի սովորես քո Եհովայ Աստուածանից վախենալ ամեն ժամանակ։
  • 24Եւ եթէ ճանապարհդ քեզ համար հեռու լինի, եւ այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունը այնտեղ դնելու համար՝ քեզանից հեռու լինելով չ’կարողանաս նորանց այնտեղ տանել. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ կ’օրհնէ,
  • 25Այն ժամանակ նորանց փողով փոխես, եւ փողը ծրարես ձեռքդ եւ գնաս այն տեղը ուր որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ.
  • 26Եւ այն փողը տաս սրտիդ բոլոր ուզած բաներին, արջառների կամ ոչխարների, գինիի կամ ցքիի, եւ ամեն ինչ որ սիրտդ ուզէ. Եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես եւ ուրախանաս դու եւ քո ընտանիքը.
  • 27Եւ քո դռներում եղող Ղեւտացիին էլ զանց չ’անես. Որովհետեւ նա քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չ’ունի։
  • 28Ամեն երեք տարուայ վերջին հանես քո տարուայ արմտիքների բոլոր տասանորդը եւ պահես նորան քո դռներումը.
  • 29Եւ Ղեւտացին՝ որ քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չ’ունի, եւ քո դռներումն եղող օտարականը, որբը եւ որբեւայրին գան եւ ուտեն կշտանան. Որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքի արած ամեն գործքերի մէջ։
← Ցանկ