ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ28
  • 1Եւ եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես որ զգուշութեամբ կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կ’անէ։
  • 2Եւ այս բոլոր օրհնութիւնները քեզ վերայ կ’գան քեզ կ’հասնեն, եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես։
  • 3Դու քաղաքի մէջ օրհնեալ, եւ դաշտի մէջ օրհնեալ կ’լինես.
  • 4Օրհնեալ կ’լինի քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, եւ քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը.
  • 5Օրհնեալ կ’լինի քո կողովը եւ քո տաշտը.
  • 6Դու օրհնեալ կ’լինես մտնելիս եւ օրհնեալ կ’լինես դուրս գալիս։
  • 7Եհովան քո առաջին ջարդել կ’տայ քեզ վերայ վեր կենող թշնամիներիդ. Նորանք քեզ դէմ մէկ ճանապարհով դուրս կ’գան, բայց քո առաջիցը եօթը ճանապարհով կ’փախչեն։
  • 8Եհովան օրհնութիւնը կ’ուղարկէ քեզ քո շտեմարաններումը եւ քո ամեն ձեռնարկելու բաներումը. Եւ քեզ կ’օրհնէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը։
  • 9Ինչպէս որ քեզ երդում է արել, եթէ քո Եհովայ Աստուծոյ հրամանները պահես եւ նորա ճանապարհներումը գնաս, Եհովան քեզ իր համար սուրբ ժողովուրդ կ’հաստատէ.
  • 10Եւ երկրիս ամեն ժողովուրդները կ’տեսնեն, որ Եհովայի անունը կոչուած է քեզ վերայ, եւ քեզանից կ’վախենան։
  • 11Եւ Եհովան քեզ առատութիւն կ’տայ քո բարութեան համար, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը եւ քո երկրի պտուղը շատացնելով այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։
  • 12Եհովան իր բարութեան գանձը՝ այսինքն երկինքը քեզ համար կ’բանայ, որ քո երկրի անձրեւը տայ իր ժամանակին, եւ քո ձեռքի ամեն գործը օրհնէ. Եւ դու շատ ազգերի փոխ կ’տաս, բայց դու փոխ չես առնիլ։
  • 13Եւ Եհովան գլուխ կ’անէ քեզ, եւ ոչ թէ ագի. Դու միշտ բարձրումը կ’լինես, եւ ցածումը չես լինիլ, եթէ քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին լսես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ որ պահես եւ կատարես,
  • 14Եւ չ’խոտորուես այն բոլոր խօսքերիցը, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, աջ կամ ձախ, օտար աստուածների ետեւից գնալու համար, որ նորանց ծառայութիւն անես։
  • 15Բայց եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսես, եւ չ’պահես եւ չ’անես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, այն ժամանակ այս ամեն անէծքները քեզ վերայ կ’գան եւ քեզ կ’հասնեն։
  • 16Անիծեալ կ’լինես դու քաղաքի մէջ, եւ անիծեալ դաշտի մէջ.
  • 17Անիծեալ կ’լինի քո կողովը եւ քո տաշտը.
  • 18Անիծեալ քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը.
  • 19Անիծեալ կ’լինես մտած ժամանակդ եւ անիծեալ՝ դուրս եկած ժամանակդ։
  • 20Եհովան անէծք, տառապանք եւ յանդիմանութիւն կ’ուղարկէ քեզ համար քո ամեն ձեռնարկած գործքերումը որ անում ես, մինչեւ որ բնաջինջ լինես, շուտով կորչես քո չար գործքերի համար, որ ինձ ձգեցիր։
  • 21Եհովան քեզ կ’կպցնէ ժանտախտը, մինչեւ որ քեզ վերջացնէ այն երկրի երեսից, ուր որ դու կ’մտնես նորան ժառանգելու։
  • 22Եհովան քեզ կ’զարկէ ծիւրական ախտով, այրող տաքութիւնով, երաշտութիւնով, և խորշակահարութիւնով եւ բոյսերի դալուկով. Եւ քեզ կ’հալածեն մինչեւ որ կորչես։
  • 23Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կ’դառնայ։
  • 24Եհովան քո երկրի անձրեւի տեղ հող ու փոշի կ’տայ. Նորանք երկնքիցը քեզ վերայ կ’իջնեն մինչեւ որ բնաջինջ լինես։
  • 25Եհովան քո թշնամիների առաջին քեզ ջարդել կ’տայ. Մէկ ճանապարհով դուրս կ’գաս նորանց դէմ, եւ եօթը ճանապարհով կ’փախչես նորանց առաջից. Եւ երկրիս բոլոր թագաւորութիւնների մէջ թափառական կ’լինես.
  • 26Եւ քո մարմինը երկնքի բոլոր թռչուններին եւ երկրի գազաններին կերակուր կ’լինի. Եւ քշող չի լինիլ։
  • 27Եհովան Եգիպտոսի պալարներով, թանչքով, քոսոտութիւնով եւ եռքով կ’զարկէ քեզ, որ նորանցից չ’կարողանաս բժշկուիլ։
  • 28Եհովան ապուշութիւնով եւ կուրութիւնով եւ սրտադողով կ’զարկէ քեզ.
  • 29Եւ դու կէս օրուայ ժամանակին կ’խարխափես ինչպէս որ կոյրն է խաւարի մէջ խարխափում, եւ չես յաջողիլ քո ճանապարհներումը. Եւ միշտ զրկուած եւ յափշտակուած կ’լինես, եւ ազատող չի լինիլ։
  • 30Դու կնկան կ’նշանուես, եւ ուրիշը կ’պառկէ նորա հետ. տուն կ’շինես, եւ նորա մէջ չես բնակուիլ. այգի կ’տնկես, նորա խաղողը չես ժողովիլ.
  • 31Եզդ աչքիդ առաջին կ’մորթուի, բայց դու նորանից չես ուտիլ. Էշդ քո առաջիցը կ’յափշտակուի, եւ քեզ ետ չի տրուիլ. Հօտերդ քո թշնամիներին կ’մատնուին, եւ քեզ համար ազատող չի լինիլ։
  • 32Քո տղերքն ու աղջկերքը մի ուրիշ ժողովրդի կ’տրուին, եւ աչքերդ կ’տեսնեն, եւ բոլոր օրը նորանց համար կ’նուաղեն. Եւ քո ձեռքումդ ոյժ չի լինիլ։
  • 33Քո երկրի արդիւնքը եւ քո բոլոր աշխատութիւնը մի ժողովուրդ կ’ուտէ, որին դու չես ճանաչում. Եւ ամեն օր միայն զրկուած եւ ճնշուած կ’լինես.
  • 34Եւ կ’խելագարուես աչքերիդ տեսածիցը, որ պիտի տեսնես։
  • 35Եհովան կ’զարկէ քո ծունկերին ու սրունքներին չար պալարներով, որ չ’կարողանաս բժշկութիւն գտնել, ոտքիդ թաթիցը մինչեւ գլխիդ գագաթը։
  • 36Եհովան կ’տանէ քեզ եւ քո վերայ դրած թագաւորիդ այն ազգին, որին ոչ դու էիր ճանաչում, ոչ քո հայրերը. Եւ այնտեղ կ’ծառայես օտար աստուածների՝ փայտի եւ քարի։
  • 37Եւ դու զարմանքի եւ առակի եւ կատակի ենթակայ կ’լինես այն բոլոր ժողովուրդների մէջ, ուր որ Եհովան քեզ կ’տանէ։
  • 38Արտիդ մէջ շատ սերմ կ’հանես, եւ քիչ կ’ժողովես. Որովհետեւ մարախները պիտի ուտեն նորան։
  • 39Այգիներ կ’տնկես եւ կ’դարմանես, բայց գինին չես խմիլ, եւ խաղողը չես ժողովիլ. Որովհետեւ որդերը պիտի ուտեն նորան։
  • 40Քո ամեն սահմաններումը ձիթենիներ կ’ունենաս, բայց իւղով չես օծուիլ. Որովհետեւ ձիթապտուղներդ պիտի թափուին։
  • 41Տղերք եւ աղջկերք կ’ծնես, բայց քոնը չեն լինիլ. Այլ գերութեան կ’գնան։
  • 42Բոլոր ծառերդ ու երկրիդ պտուղները խառնիճը կ’գրաւէ։
  • 43Քո միջի օտարականը քեզանից գերազանց կ’լինի, եւ քեզանից շատ կ’բարձրանայ, բայց դու ցած և ցած կ’իջնես.
  • 44Նա քեզ փոխ կ’տայ, բայց դու նորան փոխ չես տալ. Նա գլուխ կ’լինի եւ դու կ’լինես այգի։
  • 45Եւ այս բոլոր անէծքները քեզ վերայ կ’գան, քեզ կ’հալածեն, եւ քեզ կ’հասնեն, մինչեւ որ բնաջինջ լինես. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսեցիր, որ քեզ հրամայած պատուիրանքներն ու կանոնները պահես։
  • 46Եւ նորանք քեզ վերայ նշան եւ հրաշք կ’լինեն եւ քո սերունդի վերայ՝ յաւիտեան։
  • 47Որովհետեւ քո Եհովայ Աստուծուն ծառայութիւն չ’արիր ուրախութեամբ եւ յօժար սրտով ամեն բանի առատութեան համար,
  • 48նորա համար դու կ’ծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վերայ կ’ուղարկէ՝ սովով, շարաւով, մերկութիւնով եւ ամեն կարօտութիւնով. Եւ նա քո պարանոցի վերայ երկաթէ լուծ կ’դնէ, մինչեւ որ բնաջինջ անէ քեզ։
  • 49Եհովան քեզ վերայ հեռուից՝ երկրիս ծայրերիցը արծուի թռչելու պէս մի ազգ կ’բերէ, մի ազգ որի լեզուն դու չես հասկանալ,
  • 50Մի պինտերես ազգ, որ ծերերին պատիւ չի անիլ, եւ տղայի վերայ գութ չի ունենալ.
  • 51Եւ նա քո անասունների պտուղը եւ երկրիդ պտուղը կ’ուտէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես. Որովհետեւ քեզ համար չի թողիլ ցորեն, գինի, իւղ, կովերիդ ծնունդները եւ ոչխարներիդ հօտերը, մինչեւ որ քեզ բնաջինջ անէ.
  • 52Եւ քեզ կ’պաշարէ քո բոլոր դռներումը, մինչեւ որ կործանուին քո բարձր ու ամուր պարիսպները, որոնց վերայ դու ապաւինում ես, քո բոլոր երկրումը. Եւ քեզ կ’պաշարէ քո ամեն դռներումը քո բոլոր երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ.
  • 53Եւ պաշարման ժամանակին եւ քո թշնամին քեզ նեղը գցած ժամանակին քո որովայնի պտուղը՝ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած քո տղայոց եւ աղջկերանց միսը կ’ուտես։
  • 54Քո միջի քնքուշ եւ շատ փափուկ մարդը իր եղբօրը եւ իր ծոցի կնկայ եւ իր ողջ թողած որդկանցը ծուռ աչքով պիտի նայէ,
  • 55Որպէս զի նորանցից մէկին չ’տայ իր որդկանց մսիցը, որ ուտում է. Ըստ որում պաշարման ժամանակին եւ քո թշնամին ամեն դռներումդ քեզ նեղը գցած ժամանակին մի բան չի մնալ նորան։
  • 56Քո միջի քնքուշ եւ փափուկ կինը, որ իր փափկութիւնիցը եւ քնքշութիւնիցը ոտքը գետնի վերայ կոխելու սովորած չէր, ծուռ աչքով պիտի նայէ իր ծոցի մարդին, իր տղային, իր աղջկանը,
  • 57Եւ իր ոտքերի մէջտեղից դուրս եկած տղայի ընկերին, եւ իր ծնած զաւակներին. Որովհետեւ պաշարման ժամանակին՝ եւ քո թշնամիներին քո դռներումը քեզ նեղը գցած ժամանակին ամեն բանի պակասելու համար ծածկաբար պիտի ուտէ նորանց։
  • 58Եթէ այս գրքի մէջ գրուած այս օրէնքի ամեն խօսքերը զգուշութեամբ չ’կատարես, որ վախենաս այն պատուական եւ ահաւոր անունիցը՝ ՔՈ ԵՀՈՎԱՅ ԱՍՏՈՒԱԾԱՆԻՑԸ,
  • 59Եհովան էլ կ’զարկէ քեզ եւ քո սերունդին անսովոր հարուածներով, մեծ եւ երկարատեւ հարուածներով, չար եւ երկայն հիւանդութիւններով.
  • 60Եւ քեզ վերայ կ’դարձնէ Եգիպտոսի բոլոր հիւանդութիւնները, որոնցից դու վախենում ես, եւ նորանք քեզ կ’փակչեն։
  • 61Նաեւ ամեն հիւանդութիւն եւ ամեն հարուած, որ այս օրէնքների գրքում գրուած չէ, Եհովան քեզ վերայ կ’բերէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես.
  • 62Եւ սակաւաթիւ մնաք դուք, որ շատութեամբ երկնքի աստղերի պէս էիք, քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսելուդ համար։
  • 63Եւ ինչպէս որ Եհովան ուրախացաւ ձեզ վերայ ձեզ բարութիւն անելով եւ ձեզ շատացնելով, այնպէս էլ կ’ուրախանայ Եհովան ձեզ վերայ ձեզ կորցնելով եւ բնաջինջ անելով, եւ կ’ջնջուէք այն երկրի վերայից, ուր որ հիմա գնում ես նորան ժառանգելու։
  • 64Եւ Եհովան քեզ պիտի ցրուէ բոլոր ազգերի մէջ երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը, եւ այնտեղ ծառայութիւն կ’անես օտար աստուածների՝ փայտի եւ քարի, որոնք չէիր ճանաչել՝ ոչ դու, ոչ քո հայրերը.
  • 65Եւ այն ազգերի մէջ հանգստութիւն չես գտնիլ, եւ ոտքիդ թաթին հանգչելու տեղ չի լինիլ. Եւ Եհովան քեզ այնտեղ դողացող սիրտ կ’տայ, աչքի նուաղում ու հոգիի տրտմութիւն.
  • 66Եւ կեանքդ առաջումդ կախման մէջ կ’լինի, եւ գիշեր ցերեկ կ’վախենաս, եւ կեանքումդ ապահով չես լինիլ.
  • 67Առաւօտը կ’ասես. Երանի թէ իրիկուն լինէր, եւ իրիկունը կ’ասես. Երանի թէ առաւօտ լինէր, սրտիդ ահուդողիցը եւ աչքերիդ տեսած բաներիցը։
  • 68Եւ Եհովան քեզ ետ կ’դարձնէ նաւերով Եգիպտոս այն ճանապարհովը, որի համար քեզ ասեցի թէ այլ եւս նորան չ’տեսնես. Եւ կ’ծախուեք այնտեղ ծառաներ ու աղախիններ լինելու ձեր թշնամիներին, եւ ծախու առնող չի լինիլ։
← Ցանկ