ՓԻԼԻՊՊԵՑԻՍ2
  • 1Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն, եթէ Հոգու հաղորդութիւն, եթէ գթածութիւն եւ ողորմութիւն.
  • 2Ապա լցրէք իմ ուրախութիւնը, որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ մի եւ նոյնը խորհէք։
  • 3Ոչ մի բան չ’լինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։
  • 4Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։
  • 5Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր.
  • 6Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։
  • 7Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով.
  • 8Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։
  • 9Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է.
  • 10Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների,
  • 11Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։
  • 12Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը։
  • 13Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս։
  • 14Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների։
  • 15Որ լինիք անբիծ եւ անարատ՝ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի այն կամակոր եւ ծռած ազգի մէջ. որոնց միջումը երեւիք ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ.
  • 16Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չ’վազեցի, եւ զուր չ’աշխատեցի։
  • 17Բայց թէեւ ընծայուիմ ձեր հաւատքի պատարագի եւ պաշտամունքի վերայ՝ ուրախ եմ, եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։
  • 18Այնպէս էլ դուք ուրախ եղէք, եւ ինձ հետ ուրախացէք։
  • 19Բայց յոյս ունիմ Տէր Յիսուսումը, որ Տիմոթէոսին շուտով ուղարկեմ ձեզ մօտ, որ սիրտս էլ հանգստանայ, երբոր ձեր վիճակն իմանամ։
  • 20Վասնզի մէկը չ’ունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար։
  • 21Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը։
  • 22Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին։
  • 23Ուրեմն յոյս ունիմ որ սորան ուղարկեմ իսկոյն, երբոր իմ անձի մասին կ’տեղեկանամ։
  • 24Բայց վստահ եմ Տէրումը, որ ինքս էլ շուտով գամ։
  • 25Միայն հարկաւոր համարեցի՝ որ Եպափրոդիտոս եղբօրը՝ գործիս եւ զինուորութեանս ընկերին, այն ձեր առաքեալին, եւ իմ պէտք լինող բաների պաշտօնեային ուղարկեմ ձեզ մօտ։
  • 26Վասնզի ինքն էլ խիստ փափաք ունէր ձեզ ամենիդ տեսնելու եւ հոգս էր քաշում՝ որ լսել էիք թէ նա հիւանդացաւ։
  • 27Եւ իրաւի որ հիւանդացաւ մերձ ի մահ, բայց Աստուած ողորմեց նորան. Ոչ միայն նորան, այլ ինձ էլ, որ տրտմութիւն տրտմութեան վերայ չ’ունենամ։
  • 28Ուրեմն աւելի շտապով ուղարկեցի նորան, որ տեսնելով նորան դարձեալ ուրախ լինիք, եւ ես էլ առանց տրտմութեան լինեմ։
  • 29Արդ ընդունեցէք նորան Տէրումն ամեն ուրախութիւնով, եւ այնպիսիներին պատուական համարեցէք։
  • 30Վասն զի Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. Իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ։
← Ցանկ