ՏԻՏՈՍ3
  • 1Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին.
  • 2Ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան։
  • 3Որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ, վարվում էինք չարութիւնով եւ նախանձով, ատելի էինք, եւ իրար ատող։
  • 4Բայց երբ որ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ,
  • 5Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը,
  • 6Որ առատութիւնով թափեց մեզ վերայ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ձեռովը,
  • 7Որ նորա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք յաւիտենական կեանքի յոյսովը։
  • 8Ճշմարիտ է այս խօսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստուծուն հաւատացողները ջանք անեն բարի գործերի մէջ կենալու, սորանք են բարի եւ մարդկանց օգտակար։
  • 9Բայց յիմար վիճաբանութիւններից, ազգահամարներից եւ հակառակութիւններից, եւ օրէնքի կռիւներից ետ քաշուիր. որ անօգուտ եւ ունայն են։
  • 10Հերձուածող մարդից, երբոր առաջին եւ երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց։
  • 11Գիտենալով որ այնպիսին ծռուած է եւ մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով։
  • 12Երբոր Արտեմասին կամ Տիւքիկոսին ուղարկեմ քեզ մօտ շտապիր որ գաս Նիկոպօլիս ինձ մօտ. Որովհետեւ որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։
  • 13Եւ օրինական Զենասին եւ Ապողոսին շուտով ճանապարհ դիր. Եւ նայիր որ ոչ մի բան չ’պակասի նորանց։
  • 14Բայց մերիններն էլ թող սովորեն բարի գործերի մէջ կենալ հարկաւոր պիտոյքների համար, որ անպտուղ չ’լինին։
  • 15Բարեւ են տալիս քեզ այն ամենը որ ինձ հետ են. Բարեւ տուր նորանց որ սիրում են մեզ հաւատքով. Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։
← Ցանկ