ՀԱԿՈԲՈՍ5
  • 1Աղէ հիմա, ով հարուստներ, լացէք եւ ողբ արէք ձեր թշվառութիւնների վերայ, որ պիտի գան ձեզ վերայ։
  • 2Ձեր հարստութիւնը փտել է, եւ ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան.
  • 3Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նորանց ժանգը վկայ կ’լինի ձեզ դէմ, եւ ձեր միսերը կ’ուտէ կրակի նման. Դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը։
  • 4Ահա այն մշակների վարձքը որ ձեր արտերը հնձել են, եւ որ դուք զրկել էք. Աղաղակում է, եւ հնձողների աղաղակները հասան զօրութեանց Տիրոջ ականջը։
  • 5Երկրի վերայ փափուկ ապրեցիք եւ զբօսացիք. Ձեր սրտերը գիրացրիք ինչպէս մորթուելու օրուայ համար։
  • 6Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա հակառակ չէ կենում։
  • 7Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։
  • 8Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ Տիրոջ գալուստը մօտացել է։
  • 9Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։
  • 10Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։
  • 11Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
  • 13Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։
  • 14Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը.
  • 15Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։
  • 16Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։
  • 17Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։
  • 18Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։
  • 19Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան,
  • 20Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ։
← Ցանկ