Ա ՊԵՏՐՈՍ4
  • 1Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։
  • 2Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը։
  • 3Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.
  • 4Որ դորա վերայ զարմանում են, որ դուք նորանց հետ չէք վազում նոյն անկարգ զեղխութեան մէջ, եւ հայհոյում են,
  • 5Որ նորանք պիտի հաշիւ տան նորան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին։
  • 6Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանուեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգով։
  • 7Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։
  • 8Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։
  • 9Հիւրասէր եղէք իրար հետ առանց տրտնջանքի։
  • 10Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ։
  • 11Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի. եթէ մէկը մատակարարում է թող լինի ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում. որ ամեն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
  • 12Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։
  • 13Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։
  • 14Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում։
  • 15Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող.
  • 16Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին։
  • 17Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են։
  • 18Եւ եթէ արդարն հազիւ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղաւորը ո՞րտեղ կ’երեւայ։
  • 19Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։
← Ցանկ