Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ2
  • 1Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։
  • 2Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։
  • 3Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։
  • 4Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։
  • 5Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։
  • 6Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։
  • 7Եղբայրներ, ոչ թէ մի նոր պատուիրանք եմ գրում ձեզ, այլ հին պատուիրանքը որ սկզբիցն ունէիք եւ հին պատուիրանքն այն խօսքն է որ լսեցիք սկզբիցը։
  • 8Դարձեալ նոր պատուիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նորանում եւ ձեզանում. որ խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն երեւում է։
  • 9Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։
  • 10Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։
  • 11Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը։
  • 12Գրում եմ ձեզ, որդեակներ, որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար։
  • 13Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք յաղթեցիք չարին։
  • 14Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հօրը. Գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։
  • 15Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։
  • 16Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։
  • 17Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։
  • 18Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։
  • 19Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։
  • 20Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք։
  • 21Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։
  • 22Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։
  • 23Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։
  • 24Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակուէ ձեզանում. Եթէ բնակուէ ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կ’բնակուէք Որդու եւ Հօր մէջ։
  • 25Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։
  • 26Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։
  • 27Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. Եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. Եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում։
  • 28Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։
  • 29Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։
← Ցանկ