ԴԱՏԱՎՈՐԱՑ7
  • 1Եւ Յերոբաաղը, այսինքն Գեդէօնը՝ եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան եւ բանակեցան Հարօդի աղբիւրի մօտ. Եւ Մադիամի բանակը նորա հիւսիսային կողմերն էր դէպի Մօրէի բլուրը՝ հովիտի մէջ։
  • 2Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նորանց ձեռքը տամ, մի գուցէ Իսրայէլն ինձ դէմ պարծենայ ասելով. Թէ Իմ ձեռքն ինձ ազատեց։
  • 3Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին եւ ասիր. Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնայ եւ Գաղաադ սարիցը գնայ. Եւ ժողովրդիցը քսանեւերկու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար։
  • 4Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Ժողովուրդը տակաւին շատ է. Ջրի մօտ իջեցրու նորանց եւ այնտեղ քեզ համար նորանց փորձեմ. Եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Սա քեզ հետ գնայ՝ նա քեզ հետ թող գնայ. Եւ որի համար քեզ ասեմ թէ՝ Դա քեզ հետ չ’գնայ՝ նա թող չ’գնայ։
  • 5Եւ նա ժողովրդին ջրի մօտ իջեցրեց. Եւ Տէրը Գեդէօնին ասեց. Ով որ շան լակելու պէս ջուրը լեզուովը լակէ, նորան առանձին կանգնեցնես. Եւ ով որ էլ խմելու համար իր ծնկների վերայ կորանայ։
  • 6Եւ ձեռքը բերանը տանելով լակողների թիւը երեք հարիւր հոգի էր, եւ բոլոր մնացած ժողովուրդն իրանց ծունկերի վերայ կորացան ջուր խմելու համար։
  • 7Եւ Տէրն ասեց Գեդէօնին. Այն երեք հարիւր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, եւ Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. Բայց բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր տեղը գնայ։
  • 8Վասնորոյ ժողովուրդը պաշար առան իրանց ձեռքը եւ իրանց փողերն էլ։ Եւ Գեդէօնն Իսրայէլի բոլոր մարդկանց՝ ամեն մէկին իր վրանը ուղարկեց, բայց այն երեք հարիւր մարդկանցով պինդ կանգնեց, եւ Մադիամի բանակը նորա տակին՝ հովիտումն էր։
  • 9Եւ այն գիշերը եղաւ որ Տէրը նորան ասեց. Վեր կաց իջիր բանակը, որովհետեւ նորանց քո ձեռքը մատնեցի։
  • 10Եւ եթէ դու վախենում ես իջնելու, քո ծառայ Փուրայի հետ իջիր բանակը.
  • 11Այն ժամանակ կ’լսես թէ նորանք ինչ են խօսում. Եւ յետոյ ձեռքերդ կ’ուժովանան, եւ բանակը կ’իջնես։ Եւ նա իջաւ ինքը եւ իր ծառայ Փուրան բանակի մէջի գունդերի ծայրը։
  • 12Եւ Մադիամն եւ Ամաղէկը եւ բոլոր արեւելցիները պառկել էին հովիտումը մարախների պէս բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չ’կար, ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին։
  • 13Եւ Գեդէօնը գնաց, եւ ահա մէկ մարդ իր ընկերին երազ էր պատմում եւ ասում. Ես երազ տեսայ, եւ ահա մէկ գարեղէն հաց գլորվում էր դէպի Մադիամի բանակը, եւ եկաւ վրանին հասաւ եւ նորան այնպէս զարկեց որ վայր ընկաւ, եւ գլխիվայր դարձրեց. Եւ վրանը վայր ընկաւ։
  • 14Եւ նորա ընկերը պատասխան տուաւ եւ ասեց. Դա ուրիշ բան չէ, բայց միայն Իսրայէլացի Յովասի որդի Գեդէօնի սուրը. Աստուած Մադիամը եւ բոլոր բանակը նորա ձեռքն է մատնել։
  • 15Եւ երբոր Գեդէօնը լսեց երազի պատմութիւնը եւ նորա մեկնութիւնը, Տիրոջը երկրպագութիւն արաւ, եւ ետ դառաւ բանակը Իսրայէլի մօտ եւ ասեց. Վեր կացէք, որովհետեւ Տէրը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել։
  • 16Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դարտակ սափորներ տուաւ եւ սափորների մէջ էլ ջահեր.
  • 17Եւ նորանց ասեց. Ինձանից տեսէք եւ այնպէս արէք. Եւ երբոր բանակի եզերքը հասնեմ, ես ինչպէս որ անեմ, դուք էլ այնպէս արէք։
  • 18Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմում փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։
  • 19Եւ Գեդէօնը եւ նորա հետ եղող հարիւր մարդը կէս գիշերուայ պահի սկզբին, բանակի եզերքը հասան, եւ հէնց որ պահապաններին զարթնեցրին, իսկոյն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում եղած սափորները կոտրատեցին։
  • 20Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։
  • 21Եւ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, եւ բոլոր բանակը վազում եւ աղաղակում ու փախչում էին։
  • 22Եւ երբոր այն երեք հարիւր մարդը փողերը հնչեցրին, Տէրը բոլոր բանակի մէջ ամեն մարդի սուրը իր ընկերի վերայ դարձրեց. Եւ զօրքը մինչեւ Բեթասետա դէպի Սարերա, մինչեւ Աբելմաուլայի սահմանը՝ Տաբէթ փախաւ։
  • 23Եւ Իսրայէլացիք Նեփթաղիմից, Ասերից եւ բոլոր Մանասէից ժողովուեցան, եւ Մադիանացիներին հալածեցին։
  • 24Եւ Գեդէօնն Եփրեմի բոլոր լեռնակողմը պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Մադիանացիներին դիմաւորելու իջէք, եւ նորանց առաջին ջրերը բռնեցէք, մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։ Եւ Եփրեմի բոլոր մարդիկը ժողովուեցան եւ ջրերը բռնեցին մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։
  • 25Եւ Մադիամի երկու իշխաններին Օրէբին եւ Զէբին բռնեցին. Օրէբին սպանեցին Օրէբի վէմի մօտ, եւ Զէբին սպանեցին Զէբի հնձանի մօտ. Եւ Մադիանացիներին հալածեցին, եւ Օրէբի եւ Զէբի գլուխները Գեդէօնին բերին Յորդանանի այն կողմիցը։
← Ցանկ