ՀՌՈՒԹ1
  • 1Դատաւորների կառավարութեան օրերին երկրումը սով եղաւ. Եւ Յուդայի Բեթլէհէմիցը մէկ մարդ իր կնկան եւ երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը պանդխտանալու։
  • 2Եւ այն մարդի անունը Ելիմելէք, եւ կնկան անունը Նոեմի, եւ երկու որդկանց անունները Մաալոն եւ Քելլոն էին, Եփրաթացի՝ Յուդայի Բեթլեհէմիցը եւ գնացին Մովաբի երկիրը եւ այնտեղ էին լինում։
  • 3Եւ Նոեմիի մարդը՝ Ելիմելէքը մեռաւ, եւ նա մնաց իր երկու որդիներովը,
  • 4Որոնք իրանց համար Մովաբացի կնիկներ առան, մէկի անունը Որփա, եւ միւսի անունը Հռութ. Եւ նորանք տասը տարիի չափ այնտեղ նստեցին։
  • 5Եւ Մաալոնն եւ Քելլոնը երկուսն էլ մեռան, եւ այն կինը իր երկու որդկանցիցն ու մարդիցը զուրկ մնաց։
  • 6Եւ նա իր երկու հարսերովը վեր կացաւ, որ Մովաբի երկրիցը ետ դառնայ, որովհետեւ Մովաբի երկրումը լսել էր որ Տէրը իր ժողովրդին այցելութիւն է արել նորանց հաց տալով։
  • 7Եւ նա իր եղած տեղիցը դուրս եկաւ իր երկու հարսերի հետ, եւ ճանապարհ ընկան Յուդայի երկիրը ետ դառնալու համար։
  • 8Եւ Նոեմին իր երկու հարսերին ասեց. Գնացէք եւ ձեզանից ամեն մէկը ետ դառնայ իր մօր տունը։ Տէրը ձեզ ողորմութիւն անէ, ինչպէս որ դուք այն մեռածներին եւ ինձ էք արել։
  • 9Տէրը տայ ձեզ որ ամեն մէկդ իր մարդի տանը հանգստութիւն գտնէք, եւ նորանց համբուրեց, եւ նորանք իրանց ձայները բարձրացնելով լաց եղան.
  • 10Եւ նորան ասեցին. Մենք անպատճառ քեզ հետ քո ժողովրդին կ’դառնանք։
  • 11Բայց Նոեմին ասեց. Աղջիկներս, ետ դառէք. Ի՞նչու համար ինձ հետ գնաք. Մի՞թէ իմ արգանդումն ուրիշ տղերք կան, որ ձեզ համար մարդիկ դառնան։
  • 12Ետ դառէք, աղջիկներս, գնացէք. Որովհետեւ ես պառաւած եմ, այլեւս մարդի չեմ գնալ. Եթէ ասէի որ յոյս ունեմ հենց այս գիշեր, եւ որդիք էլ ծնեմ,
  • 13Դուք մինչեւ նորանց մեծանալը կ’սպասէի՞ք, դուք սորա համար պիտի զրկուէիք ամուսնանալուց. Ոչ, աղջիկներս, որովհետեւ շատ ցաւում եմ ձեզ համար, որովհետեւ Տիրոջ ձեռքն ինձ հասաւ։
  • 14Եւ նորանք իրանց ձայները բարձրացնելով դարձեալ լաց եղան։ Եւ Որփան իր սկեսրին համբուրեց. Բայց Հռութը նորա մօտ մնաց։
  • 15Սակայն Նոեմին ասեց. Ահա քո ները ետ դառաւ իր ժողովրդին եւ իր աստուածներին. դու էլ ետ դարձիր քո ների ետեւիցը։
  • 17Ուր որ մեռնես՝ ես էլ կ’մեռնեմ եւ այնտեղ կ’թաղուիմ. Տէրը ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանէ։
  • 18Երբոր Նոեմին տեսաւ որ նա հաստատ ուզում է իր հետ գնալ, այլ եւս չ’խօսեց նորա հետ։
  • 19Եւ երկուսը գնացին, մինչեւ որ Բեթլեհէմ հասան. Եւ երբոր Բեթլեհէմ եկան, սորանց պատճառով բոլոր քաղաքը շարժուեցաւ, եւ ասում էին. Սա՞ է Նոեմին։
  • 20Եւ նա նորանց ասեց. Ինձ Նոեմի մի կանչէք, ինձ Մարա կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ։
  • 21Ես գնացի լիքն, բայց Տէրն ինձ դարտակ դարձրեց. Ի՞նչու էք ինձ Նոեմի ասում, որովհետեւ Տէրն ինձ խոնարհեցրեց եւ Ամենակարողն ինձ վշտացրեց։
  • 22Այսպէս Նոեմին ետ դառաւ իր հարս Մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրիցը. Եւ գարիի հնձի սկզբումը հասան Բեթլեհէմ։
← Ցանկ