Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ2
  • 1Եւ Աննան աղօթք արաւ եւ ասեց. Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը, Իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով. Բերանս իմ թշնամիների վերայ լայնացաւ, Որովհետեւ քո փրկութիւնովն ուրախացայ։
  • 2Տիրոջ պէս սուրբ չ’կայ, որովհետեւ քեզանից ջոկը չ’կայ, Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չ’կայ։
  • 3Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք, Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չ’գայ, Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է, Եւ նա կշռում է գործքերը։
  • 4Զօրաւորների աղեղները կոտրվում են, Բայց տկարները ոյժ են հագնում։
  • 5Կուշտերը հացի համար վարձկան եղան, Բայց սովածները դադարեցին սովելուց. Քանի որ ամուլը եօթը զաւակ ծնեց, Բայց շատ զաւակ ունեցողը տկարացաւ։
  • 6Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը, Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը։
  • 7Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը, Ցածացնողը եւ բարձրացնողը։
  • 8Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
  • 9Նա կ’պահէ իր սուրբերի ոտքերը. Բայց չարագործները մութի մէջ կ’պապանձուեն. Որովհետեւ մարդը ուժով յաղթող չէ։
  • 10Տիրոջ դէմ հակառակողները կ’փշրուին. Նա երկինքիցը նորանց վերայ կ’որոտայ. Տէրը կ’դատէ երկրիս ծայրերը, Եւ ոյժ կ’տայ իր թագաւորին, Եւ իր օծեալի եղջիւրը կ’բարձրացնէ։
  • 11Եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը. Եւ մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում։
  • 12Եւ Հեղիի որդիքը չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում։
  • 13Եւ քահանաների սովորութիւնը այս էր ժողովրդի մասին, որ երբոր մէկը զոհ մատուցանէր, միսը եփելիս՝ գալիս էր քահանայի սպասաւորը երեքժանի մսահանը ձեռքին.
  • 14Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար։ նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող Իսրայէլացիներին։
  • 15Նաեւ ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում։
  • 16Եւ այն մարդը երբոր ասէր թէ Թող հիմա ճարպն այրեն, եւ յետոյ սրտիդ ուզածի չափ առ. Այն ժամանակ ասում էր. Ոչ, հիմա տուր, եթէ ոչ բռնի կ’առնեմ։
  • 17Եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին. Որովհետեւ այդ մարդիկը արհարմարհում էին Տիրոջ զոհը։
  • 18Եւ Սամուէլ մանուկը քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին։
  • 19Եւ նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու։
  • 20Եւ Հեղին Եղկանային եւ նորա կնկան օրհնելով ասեց. Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ Տիրոջը փոխ տրուածի փոխարէն. Եւ նորանք գնացին իրանց տեղը։
  • 21Եւ Տէրը այցելութիւն արաւ Աննային, որ յղացաւ եւ երեք տղայ եւ երկու աղջիկ ծնեց. Սամուէլ մանուկն էլ մեծացաւ Տիրոջ առաջին։
  • 22Եւ Հեղին շատ ծերացել էր. Եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին։
  • 23Եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք անում այսպիսի բաները. Որովհետեւ ես այս բոլոր ժողովրդի բերանիցը ձեզ համար չար խօսքեր եմ լսում։
  • 24Չէ, որդիքս, որովհետեւ լաւ չէ այն լուրը որ ես լսում եմ ձեր մասին. Դուք Տիրոջ ժողովրդին մոլորացնում էք։
  • 25Եթէ մարդ մարդի դէմ մեղք գործէ, նորա դատաստանը Աստուած կ’կտրէ. Բայց եթէ մարդ Տիրոջ դէմ մեղք գործէ, նորա համար ո՞վ աղաչանք կ’անէ։ Սակայն նորանք իրանց հօր խօսքին մտիկ չէին անում, որովհետեւ Տէրը ուզում էր նորանց մեռցնել։
  • 26Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը։
  • 27Եւ Աստուծոյ մէկ մարդը Հեղիի մօտ եկաւ, եւ նորան ասեց. Տէրը այսպէս է ասում. Ես յայտնապէս երեւեցայ քո հօր տանը, երբոր նորանք Եգիպտոսումը Փարաւօնի տանն էին.
  • 28Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ իմ առաջին եփուդ հագնէ. Եւ Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը։
  • 29Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը։
  • 31Ահա օրեր կ’գան, որ կ’կտրեմ քո բազուկը եւ քո հօր տան բազուկը, որ քո տան մէջ ծեր չ’լինի։
  • 32Եւ դու տան մէջ դժբաղդութիւն կ’տեսնես՝ մինչդեռ Իսրայէլն ամեն տեսակ բարութիւն կ’վայելէ, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինիլ։
  • 33Եւ քո սերունդից մարդ չեմ կտրիլ իմ սեղանիցը, քո աչքերը նուաղեցնելու եւ քո սիրտը վշտացնելու համար, եւ քո տան զարգացածները բոլորը չափահաս կ’մեռնեն։
  • 34Եւ այս քեզ նշան լինի՝ ինչ որ պիտի գայ քո երկու որդկանց Ոփնիի եւ Փենէհէսի վերայ՝ երկուսն էլ մէկ օրում պիտի մեռնեն։
  • 35Եւ ինձ համար մէկ հաւատարիմ քահանայ պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտի եւ հոգիի միջի եղածը կատարէ, եւ նորա համար հաւատարիմ տուն կ’շինեմ. Եւ նա միշտ իմ օծեալի առաջին կ’գնայ։
  • 36Եւ քո տանիցն ով որ մնայ, մի կտոր արծաթի համար եւ մի նկանակ հացի համար կ’գայ նորան երկրպագութիւն կ’անէ, եւ կ’ասէ. Աղաչում եմ, ինձ մէկ քահանայական պաշտօնի վերայ դիր որ մի պատառ հաց ուտեմ։
← Ցանկ