Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ27
  • 1Եւ Դաւիթն իր սրտումն ասեց. Վերջապէս ես մէկ օր Սաւուղի ձեռքովը կորչելու եմ. Ինձ համար Փղշտացիների երկիրը փախչելուց լաւը չ’կայ, որ Սաւուղը ինձանից յոյսը կ’կտրի, եւ ինձ այլ եւս Իսրայէլի բոլոր սահմանների մէջ չի որոնիլ. Այսպէս նորա ձեռքիցը կ’ազատուիմ։
  • 2Եւ Դաւիթը վեր կացաւ իր հետ եղող վեց հարիւր մարդովը, եւ անցաւ գնաց Գէթի թագաւոր՝ Մաովքի որդի Անքուսի մօտ։
  • 3Եւ Դաւիթը բնակուեց ինքը եւ իր մարդիկը՝ ամեն մարդ իր տնովը՝ Դաւիթն էլ իր երկու կիներովը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ ու Կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ՝ Անքուսի մօտ Գէթումը։
  • 4Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, այլ եւս նորան չ’որոնեց։
  • 5Եւ Դաւիթը Անքուսին ասեց. Աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ, թող գիւղաքաղաքների մէկում ինձ տեղ տան, որ այնտեղ նստեմ. Որովհետեւ ի՞նչու համար քո ծառան քեզ հետ թագաւորանիստ քաղաքումը նստէ։
  • 6Եւ այն օրը Անքուսը Սիկելակը նորան տուաւ. Այս պատճառով Սիկելակը մինչեւ այս օրը Յուդայի թագաւորներինը եղաւ։
  • 7Եւ այն օրերի թիւը, որ Դաւիթը Փղշտացիների երկրումը բնակուեց, մէկ տարի եւ չորս ամիս եղաւ։
  • 8Եւ Դաւիթը եւ նորա մարդիկը վեր ելան, եւ Գեսուրացիների, Գազերացիների եւ Ամաղեկացիների վերայ յարձակուեցան, որովհետեւ նորանք վաղուց ի վեր բնակվում էին այն երկրումը, Սուրից մինչեւ Եգիպտոսի երկիրը։
  • 9Եւ Դաւիթն այն երկիրը զարկեց, եւ ամենեւին մարդ կամ կին ողջ չ’թողեց, եւ ոչխարներ ու արջառներ եւ էշեր եւ ուղտեր ու հանդերձներ առաւ, եւ դարձաւ եկաւ Անքուսի մօտ։
  • 10Եւ Անքուսն ասեց. Այսօր չէ՞ք յարձակուել. Եւ Դաւիթն ասեց. Դէպի Յուդայի հարաւային կողմը, Յերամելացիների հարաւային կողմը, եւ Կենեցիների հարաւային կողմը։
  • 11Եւ Դաւիթը մարդ կամ կին ողջ չ’թողեց, որ լուր բերէ Գէթ, որովհետեւ ասեց. Մի գուցէ մեզ համար պատմեն եւ ասեն թէ Դաւիթն այսպէս է անում։ Եւ նորա սովորութիւնը այսպէս է լինելու, քանի որ Փղշտացիների երկրումը բնակուի։
  • 12Եւ Անքուսը Դաւիթին հաւատալով՝ ասեց. Այս մարդը՝ իր ժողովրդի՝ Իսրայէլի մօտ իրան գարշահոտ է արել. Թող ինձ մօտ յաւիտեան ծառայ լինի։
← Ցանկ