Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ3
  • 2Եւ այն ժամանակը եղաւ որ Հեղին իր տեղը պառկած էր. (եւ նորա աչքերը սկսել էին ծանրանալ՝ չէր կարողանում տեսնել.)
  • 3Եւ Աստուծոյ կանթեղը տակաւին չէր հանգչել, եւ Սամուէլը քնել էր Տիրոջ տաճարումը, ուր որ Աստուծոյ տապանակն էր։
  • 4Եւ Տէրը կանչեց Սամուէլին. Եւ նա ասեց. Ահա ես.
  • 5Եւ Հեղիի մօտ վազելով՝ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չ’կանչեցի. Դարձիր պառկիր։ Եւ նա դարձաւ պառկեց։
  • 6Եւ Տէրը դարձեալ կանչեց՝ Սամուէլ. Եւ Սամուէլը վեր կացաւ Հեղիի մօտ գնաց եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ նա ասեց. Ես չ’կանչեցի, որդեակս, դարձիր պառկիր։
  • 7Եւ Սամուէլը Տիրոջը դեռ չէր ճանաչում, եւ Տիրոջ խօսքը դեռ նորան յայտնուած չէր։
  • 8Եւ դարձեալ երրորդ անգամ Տէրը կանչեց, Սամուէլ. Եւ նա վեր կացաւ Հեղիի մօտ գնաց, եւ ասեց. Ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եւ Հեղին իմացաւ որ Տէրն է կանչում մանուկին։
  • 9Եւ Հեղին Սամուէլին ասեց. Գնա պառկիր եւ եթէ քեզ կանչէ, ասիր. Խօսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է։ Եւ Սամուէլը գնաց իր տեղը պառկեց։
  • 10Եւ Տէրն եկաւ կանգնեց, եւ առաջի անգամների պէս կանչեց, Սամուէլ՝ Սամուէլ. Եւ Սամուէլն ասեց. Խօսիր, որովհետեւ քո ծառան լսում է։
  • 11Այն ժամանակ Տէրը Սամուէլին ասեց. Ահա ես Իսրայէլի մէջ մի բան կ’անեմ, որ ամեն նորան լսողի երկու ականջները կ’հնչեցնեն։
  • 12Այն օրը Հեղիի վերայ կ’կատարեմ ամեն ինչ որ նորա տան վերայով խօսել եմ. Կ’սկսեմ եւ կ’վերջացնեմ։
  • 13Եւ իրան իմացրել եմ, որ նորա տունը պիտի դատեմ յաւիտեան որ գիտէր այն անօրէնութիւնը, որ նորա որդիքը իրանց վերայ անէծք են բերում, եւ նա չ’յանդիմանեց նորանց։
  • 14Ես սորա համար երդում արի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրէնութեանը՝ զոհերով եւ ընծաներով յաւիտեան քաւութիւն չ’լինի։
  • 15Եւ Սամուէլը մինչեւ առաւօտ պառկեց եւ յետոյ Տիրոջ տան դռները բացաւ. Եւ Սամուէլը վախեցաւ այն տեսիլքը Հեղիին պատմելուց։
  • 16Բայց Հեղին Սամուէլին կանչեց եւ ասեց. Սամուէլ՝ որդեակս. Եւ նա ասեց. Ահա ես.
  • 17Եւ նա ասեց. Ի՞նչ է այն խօսքը, որ քեզ ասեց. Ինձանից մի ծածկիր, Աստուած քեզ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ ինձանից ծածկես մի խօսք այն ամեն խօսքերիցը որ նա քեզ հետ խօսել է։
  • 18Եւ Սամուէլը բոլոր խօսքերը նորան պատմեց, նորանից չ’ծածկեց։ Եւ Հեղին ասեց. Նա Տէրն է, ինչ որ հաճոյ է իր աչքերի առաջին՝ թող անէ։
  • 19Եւ Սամուէլը մեծացաւ, եւ Տէրը նորա հետ էր, եւ իր բոլոր խօսքերից մէկը գետինը չ’գցեց։
  • 20Եւ Դանից մինչեւ Բերսաբէէ բոլոր Իսրայէլն իմացաւ, որ Սամուէլը հաստատուած է Տիրոջ համար մարգարէ։
  • 21Եւ Տէրը Սելովումը դարձեալ երեւեցաւ. Որովհետեւ Տէրը Սելովումը Սամուէլին յայտնվում էր Տիրոջ խօսքովը։ Եւ բոլոր Իսրայէլի մէջ տարածվում էր Սամուէլի խօսքը։
← Ցանկ