Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ4
  • 1Եւ Իսրայէլը դուրս եկաւ պատերազմով Փղշտացիների դէմ, եւ Աբենեզերի մօտ բանակ տուաւ, եւ Փղշտացիները Ափեկի մէջ բանակ տուին։
  • 3Եւ ժողովուրդը եկաւ բանակը. Եւ Իսրայէլի ծերերն ասեցին. Ի՞նչու համար Տէրը մեզ այսօր Փղշտացիների առաջին կոտրեց. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մօտ առնենք, եւ նա մեր մէջը գայ եւ մեզ ազատէ մեր թշնամիների ձեռքից։
  • 4Եւ ժողովուրդը մարդ ուղարկեց Սելով, եւ վեր առան այնտեղից քերովբէների վերայ նստող Զօրաց Տիրոջ ուխտի տապանակը. Եւ Հեղիի երկու որդիքը Ոփնին եւ Փենէհէսը այնտեղ էին Աստուծոյ ուխտի տապանակի հետ։
  • 5Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը բանակի մէջ մտաւ, բոլոր Իսրայէլը մեծ ձայնով աղաղակեց, եւ գետինը դղրդաց։
  • 6Եւ Փղշտացիները այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեցին. Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է Եբրայեցիների բանակի մէջ. Եւ իմացան որ Տիրոջ տապանակն եկել է բանակը։
  • 7Եւ Փղշտացիները վախեցան, որովհետեւ ասում էին. Աստուած եկել է բանակի մէջ. Նաեւ ասեցին. Վա՜յ մեզ, որովհետեւ մինչեւ հիմա այսպիսի բան չէր եղած։
  • 8Վա՜յ մեզ, այս զօրաւոր Աստուածների ձեռքիցն ո՞վ պիտի ազատէ մեզ. Սորանք այն Աստուածներն են որ Եգիպտոսին զարկեցին ամեն հարուածներով անապատի մէջ։
  • 9Ուժովացէք եւ քաջ եղիք, ով Փղշտացիներ, մի գուցէ Եբրայեցիներին ծառայ դառնաք ինչպէս որ նորանք ձեզ ծառայ եղան. Ուստի քաջ եղիք եւ պատերազմեցէք։
  • 10Եւ երբոր Փղշտացիները պատերազմեցին, Իսրայէլը յաղթուեցաւ եւ ամեն մարդ փախաւ իր վրանը, եւ շատ մեծ կոտորած եղաւ, եւ Իսրայէլից երեսուն հազար հետեւակ զօրք ընկաւ։
  • 11Նաեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ. Եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսը մեռան։
  • 12Եւ Բենիամինեան մի մարդ բանակիցը վազելով նոյն օրը հասաւ Սելով, եւ նորա հանդերձները պատառուած էին, եւ գլխին հող։
  • 13Եւ երբոր նա հասաւ, ահա Հեղին նստել էր մի աթոռի վերայ ճանապարհին եւ սպասում էր. Որովհետեւ Աստուծոյ տապանակի համար սիրտը դողում էր։ Եւ երբոր այն մարդն եկաւ որ քաղաքին պատմէ, բոլոր քաղաքը աղաղակեց։
  • 14Եւ Հեղին այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեց. Այս ի՞նչ աղմուկի ձայն է։ Եւ այն մարդը շուտով վազեց եկաւ եւ Հեղիին պատմեց։
  • 15Եւ Հեղին իննսունեւութը տարեկան էր, եւ աչքերը դադարել էին որ չէր կարողանում տեսնել։
  • 16Եւ այն մարդը Հեղիին ասեց. Զօրքի միջից եկողը ես եմ, եւ ես փախայ այսօր պատերազմիցը. Եւ նա ասեց. Որդեակս, բանը ի՞նչ եղաւ։
  • 17Եւ լրաբերը պատասխանեց եւ ասեց. Իսրայէլը Փղշտացիների առաջիցը փախաւ, եւ ժողովրդի մէջ էլ մեծ կոտորած եղաւ, եւ քո երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսն էլ մեռան, եւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ։
  • 18Ու երբոր նա Աստուծոյ տապանակը յիշեց, Հեղին աթոռիցը քամակի վերայ վայր ընկաւ դռան մօտ, եւ նորա վզի ոսկորը կոտրուեցաւ, եւ նա մեռաւ, որովհետեւ ծեր եւ ծանրացած մարդ էր. Եւ նա Իսրայէլի մէջ քառասուն տարի դատաւորութիւն էր արել։
  • 19Եւ նորա հարսը՝ Փենէհէսի կինը յղի էր ծնելու մօտ, երբոր Աստուծոյ տապանակի առնուելու եւ իր սկեսրարյրի եւ մարդի մեռնելու լուրը լսեց, ծնկերը թուլացան, եւ նա ծնեց, որովհետեւ ցաւերը նորան բռնեցին։
  • 20Եւ երբոր մեռնում էր, նորա մօտ կանգնող կիները նորան ասեցին. Մի վախենար, որովհետեւ տղայ ես ծնել. Բայց նա չ’պատասխանեց եւ ուշադրութիւն չ’արաւ։
  • 21Եւ այն տղայի անունը Իքաբօդ կոչեց, ասելով թէ Իսրայէլիցը փառքը վերացաւ. (որովհետեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ, եւ նորա սկեսրայրն ու մարդը չ’կան։)
  • 22Նորա համար ասեց. Աստուծոյ տապանակը առնուելու համար Իսրայէլիցը փառքը վերացաւ։
← Ցանկ