Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ5
  • 1Եւ Փղշտացիները առան Աստուծոյ տապանակը եւ տարան նորան Աբենեզերից Ազովտոս։
  • 2Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։
  • 3Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։
  • 4Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։
  • 5(Այս պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտոսումն եղող Դագոնի սեմի վերայ չեն կոխիլ։)
  • 6Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։
  • 8Եւ մարդ ուղարկեցին, եւ Փղշտացիների բոլոր նախարարներին իրանց մօտ ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք Իսրայէլի Աստուծոյ տապանակին. Եւ ասեցին. Թող Իսրայէլի Աստուծոյ տապանակը Գէթ փոխադրեն. Եւ Իսրայէլի Աստուծոյ տապանակը փոխադրեցին։
  • 9Եւ եղաւ որ նորան փոխադրելուց յետոյ Տիրոջ ձեռքովն այն քաղաքի մէջ մեծ խռովութիւն եղաւ, եւ քաղաքի մարդկանցը պզտիկից մինչեւ մեծը զարկեց. Եւ նորանց վերայ թանչքի ուռեցքներ երեւեցան։
  • 10Եւ Աստուծոյ տապանակը Ակկարոն ուղարկեցին. Եւ հէնց որ Աստուծոյ տապանակը Ակկարոն մտաւ, Ակկարոնացիները աղաղակելով ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ բերին, որ մեզ եւ մեր ժողովրդին մեռցնեն։
  • 11Եւ մարդ ուղարկեցին՝ Փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկեցէք եւ իր տեղը ետ դառնայ, որ մեզ եւ մեր ժողովրդին չ’մեռցնէ. Որովհետեւ բոլոր քաղաքի մէջ մահառիթ սոսկում կար, Աստուծոյ ձեռքը շատ ծանրացել էր այնտեղ։
  • 12Եւ չ’մեռած մարդիկը թանչքի ուռեցքներով զարկուեցան. Եւ քաղաքի աղաղակը երկինքը վեր ելաւ։
← Ցանկ