Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ7
  • 1Եւ Կարիաթարիմի մարդիկը գնացին եւ վեր տարան Տիրոջ տապանակը. Եւ բերին նորան Աբինադաբի տունը՝ բլուրի վերայ. Եւ նորա որդի Եղիազարին որոշեցին որ Տիրոջ տապանակի պահպանութիւնն անէ։
  • 2Եւ տապանակը Կարիաթարիմ եկած օրից յետոյ շատ օրեր անցան, եւ քսան տարի եղաւ. Եւ Իսրայէլի բոլոր տունը հառաչեցին Տիրոջ ետեւից։
  • 3Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի բոլոր տան հետ խօսեց ասելով. Եթէ դուք ձեր բոլոր սրտովը դարձել էք Տիրոջը, ձեր միջից հեռացրէք օտար աստուածները եւ Աստարովթը, եւ ձեր սիրտերը պատրաստեցէք Տիրոջ համար, եւ միայն նորան պաշտեցէք. Եւ նա կ’ազատէ ձեզ Փղշտացիների ձեռքիցը։
  • 4Եւ Իսրայէլի որդիքը հեռացրին Բահաղիմն ու Աստարովթը եւ միայն Տիրոջը պաշտեցին։
  • 5Եւ Սամուէլն ասեց. Բոլոր Իսրայէլին Մասփայ ժողովեցէք, եւ ձեզ համար աղօթք անեմ Տիրոջը։
  • 6Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։
  • 7Եւ երբոր Փղշտացիները լսեցին որ Իսրայէլի որդիքը Մասփայ են ժողովուել, Փղշտացիների նախարարները վեր ելան Իսրայէլի դէմ. Եւ Իսրայէլի որդիքը լսեցին՝ եւ Փղշտացիների երեսիցը վախեցան։
  • 8Եւ Իսրայէլի որդիքը Սամուէլին ասեցին. Անդադար դէպի մեր Տէր Աստուծուն աղաղակիր մեզ համար որ մեզ Փղշտացիների ձեռքիցն ազատէ։
  • 9Եւ Սամուէլը մէկ կաթնակեր գառնուկ առաւ, եւ նորան բոլորովին ողջակէզ արաւ Տիրոջ. Եւ Սամուէլն Իսրայէլի համար դէպի Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նորան պատասխանեց։
  • 10Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք Իսրայէլի առաջին զարկուեցան։
  • 11Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ Փղշտացիներին հալածեցին, եւ մինչեւ Բեթքովրի տակ նորանց ջարդեցին։
  • 12Եւ Սամուէլը մէկ քար առաւ, եւ Մասփայի ու Սենի մէջտեղումը կանգնեցրեց, եւ նորա անունը Աբենեզեր կոչեց, ասելով. Տէրը մինչեւ այստեղը օգնեց մեզ։
  • 13Եւ Փղշտացիները կորագլուխ եղան, եւ այլ եւս չ’եկան Իսրայէլի սահմանի մէջ. Եւ Սամուէլի բոլոր օրերումը Տիրոջ ձեռքը Փղշտացիների վերայ էր։
  • 14Եւ նորանք Իսրայէլին ետ դարձրին այն քաղաքները, որ Փղշտացիները առել էին Ակկարոնից մինչեւ Գէթ. Եւ Իսրայէլը նորանց սահմանները ազատեց Փղշտացիների ձեռքիցը, եւ Իսրայէլի ու Ամօրհացիների մէջտեղը խաղաղութիւն էր։
  • 16Եւ տարուց տարի գնում էր Բեթէլ, Գաղգաղա եւ Մասփա եւ ման էր գալիս բոլոր այն տեղերումը ու դատում Իսրայէլին։
  • 17Եւ ետ էր դառնում Ռամա, որովհետեւ իր տունը այնտեղ էր, եւ այնտեղ դատում էր Իսրայէլին. Եւ այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար
← Ցանկ