ԾՆՆԴՈՑ3
  • 1Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։
  • 2Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք.
  • 3Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։
  • 4Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։
  • 5Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող։
  • 6Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։
  • 7Եւ նորանց երկուսի աչքերը բացուեցան, եւ գիտացին թէ մերկ են. Եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։
  • 8Եւ Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին, որ օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս. Եւ Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը պարտէզի ծառերի մէջ։
  • 9Եւ Եհովայ Աստուածը կանչեց Ադամին, եւ ասեց նորան, Ո՞ւր ես.
  • 10Եւ նա ասեց. Քո ձայնը լսեցի պարտէզումը, եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի, եւ թաք կացի։
  • 11Եւ ասեց. Ո՞վ պատմեց քեզ, թէ դու մերկ ես, արդեօք այն ծառիցը, որի համար քեզ պատուիրեցի որ նորանից չուտես, կերա՞ր։
  • 12Եւ Ադամն ասեց. Այն կինը, որ ինձ հետ տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ։
  • 13Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը. Դա ի՞նչ ես արել։ Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ։
  • 14Եւ Եհովայ Աստուածն ասեց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. Փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը։
  • 15Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։
  • 16Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ։
  • 17Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չ’ուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։
  • 18Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։
  • 20Եւ Ադամն իր կնոջ անունը Եւայ կոչեց. Որովհետեւ նա եղաւ բոլոր կենդանեաց մայրը։
  • 21Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։
  • 22Եւ Եհովայ Աստուածն ասեց. Ահա Ադամն եղաւ իբրեւ մեզանից մէկը՝ որ բարին եւ չարը գիտենայ, եւ հիմա մի գուցէ իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի.
  • 23Ուստի Եհովայ Աստուածը հանեց նորան Եդէմի պարտէզից, որ երկիրը գործէ, որտեղից որ առնուած էր։
  • 24Եւ արտաքսեց Ադամին. Եւ Եդէմի պարտէզի դիմացի կողմիցը դրաւ Քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար։
← Ցանկ