Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ18
  • 1Եւ Դաւիթը հանդէս արաւ իր հետ եղող ժողովրդին եւ նորանց վերայ հազարապետներ եւ հարիւրապետներ դրաւ։
  • 2Եւ Դաւիթը զօրքի երրորդ մասն ուղարկեց Յովաբի ձեռքովը, մի երրորդը Յովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի ձեռքովը, եւ մի երրորդը Գէթացի Եթթիի ձեռքովը. Եւ թագաւորն ասեց զօրքին. Ես էլ դուրս գամ ձեզ հետ։
  • 3Բայց զօրքն ասեց. Դու պիտի դուրս չ’գաս. Որովհետեւ եթէ մենք փախչելու լինենք, նորանք մեզ համար հոգս չեն անիլ, եւ եթէ մեր կէսն էլ մեռնելու լինի, նորանք մեզ համար հոգս չեն անիլ. Իսկ դու մեր տասը հազարի պէս ես. Արդ լաւ կ’լինի որ դու մեզ օգնես քաղաքիցը։
  • 4Եւ թագաւորն ասեց նորանց. Ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ ես կ’անեմ. Եւ թագաւորը մնաց քաղաքի դռան մօտ, իսկ բոլոր զօրքը դուրս ելաւ հարիւր հարիւր եւ հազար հազար։
  • 5Եւ թագաւորը պատուիրեց Յովաբին, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին. Եւ բոլոր զօրքը լսեց որ թագաւորը զօրապետներին Աբիսողոմի մասին պատուէր էր տալիս։
  • 6Եւ ժողովուրդը դուրս եկաւ դաշտը Իսրայէլին դիմաւորելու. Եւ պատերազմ եղաւ Եփրեմի անտառումը։
  • 7Եւ այնտեղ կոտրուեցաւ Իսրայէլի զօրքը Դաւիթի ծառաների առաջին եւ այնտեղ շատ մեծ կոտորած եղաւ այն օրը՝ քսան հազար հոգի։
  • 8Եւ պատերազմը այնտեղ տարածուեցաւ բոլոր երկրի երեսին. Եւ անտառը այն օրը զօրքիցն աւելի մարդ փչացրեց քան թէ սուրը փչացրեց։
  • 9Եւ Աբիսողոմը Դաւիթի ծառաների դիմացը հանդիպեց. Եւ Աբիսողոմը ջորի էր հեծած. Եւ ջորին մի մեծ կաղնիի թաւ ոստերի տակը մտաւ, եւ նորա գլուխը փաթաթուեցաւ կաղնիին, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի մէջտեղը, եւ նորա տակի ջորին գնաց։
  • 10Եւ մի մարդ տեսել էր եւ ասեց Յովաբին. Ահա ես տեսայ Աբիսողոմին կաղնիիցը կախուած։
  • 11Եւ Յովաբն ասեց այդ իրան պատմող մարդին. Հիմա որ տեսար, ապա ի՞նչու չ’զարկեցիր նորան այնտեղ գետինը գցեցիր. Եւ ես կ’տայի քեզ տասը սիկղ արծաթ եւ մի գօտի։
  • 12Իսկ այն մարդն ասեց Յովաբին. Եթէ ես իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռէի, իմ ձեռքը չէի մեկնիլ թագաւորի որդիի վերայ. Որովհետեւ մեր ականջներին պատուիրեց թագաւորը քեզ, Աբեսսային եւ Եթթիին ասելով. Խնայեցէք ինձ համար Աբիսողոմ պատանիին։
  • 13Եւ եթէ ես իմ անձի դէմ դաւաճանութիւն անէի, եւ թագաւորիցն էլ ոչ մի բան ծածուկ չի մնալ, այն ժամանակ դու էլ դէմ կ’կանգնէիր։
  • 14Եւ Յովաբն ասեց. Ես այսպէս չեմ սպասիլ քո առաջին, եւ իր ձեռքը երեք գեղարդ վեր առաւ եւ կոխեց Աբիսողոմի սիրտը, քանի որ նա տակաւին կենդանի էր կաղնիի մէջ։
  • 15Եւ Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ՝ շրջապատեցին եւ զարկեցին Աբիսողոմին եւ մեռցրին նորան։
  • 16Եւ Յովաբը փողը հնչեցրեց, եւ զօրքը ետ դառաւ Իսրայէլի ետեւից հալածելուց. Որովհետեւ Յովաբը զսպեց զօրքին։
  • 17Եւ Աբիսողոմին առան, եւ նորան անտառում մի մեծ փոսի մէջ գցեցին, եւ նորա վերայ մի շատ մեծ քարակոյտ դիզեցին. Եւ բոլոր Իսրայէլը փախաւ՝ ամեն մարդ իր վրանը։
  • 18Եւ Աբիսողոմն իր կենդանութեանը առել՝ իրան համար մի արձան էր կանգնեցրել թագաւորի հովիտումը. Որովհետեւ ասում էր թէ որդի չ’ունեմ, որ իմ անունը յիշէ. Եւ իր անունը դրել էր այն արձանին, եւ նորան ասում էին Աբիսողոմի կոթող մինչեւ այսօր։
  • 19Եւ Սադովկի որդի Աքիմաասն ասեց. Թող վազեմ ու թագաւորին աւետիք տամ. Որովհետեւ Տէրը նորան իրաւունք արաւ իր թշնամիների ձեռքիցը։
  • 20Եւ Յովաբն ասեց նորան. Դու այսօր աւետիքի մարդ չես, այլ մի ուրիշ օր աւետիք կ’տանես, եւ այսօր աւետիք պիտի չ’տանես, որովհետեւ թագաւորի որդին մեռած է։
  • 21Եւ Յովաբն ասեց Քուսիին. Գնա պատմիր թագաւորին ինչ որ տեսար. Եւ Քուսին երկրպագութիւն արաւ Յովաբին եւ վազեց։
  • 22Եւ Սադովկի որդի Աքիմաասը շարունակեց եւ ասեց Յովաբին. Ինչ եւ իցէ՝ թող ես էլ վազեմ Քուսիի ետեւիցը. Եւ Յովաբն ասեց. Դու ի՞նչու համար պիտի վազես, որդի, որ այս քեզ համար օգուտ բերող աւետիք չէ։
  • 23Ինչ որ իցէ՝ թող վազեմ. Եւ նա ասեց. Վազիր. Եւ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհովը եւ անցաւ Քուսիից առաջ։
  • 24Եւ Դաւիթը նստել էր երկու դռների մէջտեղը. Եւ դէտը գնաց դէպի դռան կտուրը՝ դէպի պարիսպը եւ իր աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ ահա մի մարդ էր վազում մինակ։
  • 25Եւ դէտը կանչեց եւ իմացրեց թագաւորին. Եւ թագաւորն ասեց. Եթէ նա մինակ է, ուրեմն աւետիք կայ նորա բերանումը. Եւ նա քանի գալիս էր՝ մօտենում էր։
  • 26Եւ դէտը մի ուրիշ մարդ տեսաւ վազելիս, եւ դէտը կանչեց դռնապանին եւ ասեց. Ահա մի մարդ վազում է մինակ. Եւ թագաւորն ասեց. Նա էլ է աւետաւոր։
  • 27Եւ դէտն ասեց. Ես տեսնում եմ առաջինի վազելը իբրեւ Սադովկի որդի Աքիմաասի վազելը. Եւ թագաւորն ասեց. Դա բարի մարդ է, եւ բարի լուրի համար է գալիս։
  • 28Եւ Աքիմաասը կանչեց եւ ասեց թագաւորին. Խաղաղութիւն, եւ երեսի վերայ երկրպագեց թագաւորին մինչև գետինը, եւ ասեց. Օրհնեալ է քո Տէր Աստուածը որ արգելեց իմ տէր թագաւորի վերայ իրանց ձեռքը բարձրացնող մարդկանցը։
  • 29Եւ թագաւորն ասեց. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Աքիմաասն ասեց. Ես միայն այն մեծ բազմութիւնը տեսայ, երբոր Յովաբն ուղարկեց թագաւորի ծառային եւ ինձ քո ծառային, բայց չ’իմացայ թէ ինչ էր։
  • 30Եւ թագաւորն ասեց. Դարձիր այսպէս կանգնիր, եւ նա դարձաւ կանգնեց։
  • 31Եւ ահա Քուսին եկաւ եւ ասեց Քուսին. Իմ տէր թագաւորին աւետի՜ք. Որովհետեւ Տէրն այսօր քեզ իրաւունք արաւ բոլոր քեզ վերայ վեր կենողների ձեռքիցը.
  • 32Եւ թագաւորն ասեց Քուսիին. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Քուսին ասեց. Այդ պատանիի նման դառնան իմ տէր թագաւորի թշնամիները, եւ բոլոր չարիքի համար քեզ վերայ վեր կենողները։
  • 33Եւ թագաւորը խռովեցաւ ու վեր գնաց դռան վերնատունը եւ լաց եղաւ, եւ այսպէս էր ասում գնալով. Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. Երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս։
← Ցանկ