Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ20
  • 1Եւ այնտեղ մի անօրէն մարդ պատահեց՝ անունը Սաբէէ Բոքորի որդի՝ Բենիամինի ցեղից. Եւ նա փող հնչեցրեց եւ ասեց Մենք Դաւիթի մօտ բաժին չ’ունենք եւ ոչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդիի մօտ. ամեն մարդ իր վրանը, ով Իսրայէլ։
  • 2Եւ բոլոր Իսրայէլացիները ետ քաշուեցան Դաւիթից եւ հետեւեցին Բոքորի որդի Սաբէէին. Բայց Յուդայեանները յարեցան իրանց թագաւորին Յորդանանիցը մինչեւ Երուսաղէմ։
  • 3Եւ Դաւիթն եկաւ իր տունը Երուսաղէմ, եւ թագաւորն առաւ այն տասը հարճերն որ թողել էր տունը պահելու ու դրաւ մի պահեստի տան մէջ եւ նորանց կերակրեց, եւ նորանց մօտ չ’գնաց. Եւ նորանք պահուած մնացին մինչեւ իրանց մեռնելու օրը իբրև որբեւայրիներ ապրելով։
  • 4Եւ թագաւորն Ամեսայիին ասեց. Ինձ մօտ կանչիր Յուդայի մարդկանցը երեք օրուայ մէջ եւ դու էլ այստեղ ներկայացիր։
  • 5Եւ Ամեսային գնաց Յուդայեաններին կանչելու, եւ ուշացաւ նորա դրած ժամանակիցը։
  • 6Եւ Դաւիթն ասեց Աբեսսային. Հիմա Բոքորի որդի Սաբէէն աւելի չար եղաւ մեզ համար Աբիսողոմիցը. առ դու քո տիրոջ ծառաները եւ նորա ետեւից ընկիր. Մի գուցէ իրան համար պարսպաւոր քաղաքներ գտնէ եւ մեր աչքից պրծնի։
  • 7Եւ նորա ետեւից դուրս ելան Յովաբի մարդիկը, եւ Քերեթիներն ու Փելեթիները եւ բոլոր զօրաւորները. Եւ դուրս եկան Երուսաղէմից Բոքորի որդի Սաբէէին հալածելու՝ ետեւիցը։
  • 8Երբոր նորանք Գաբաւոնումն եղած մեծ քարի մօտն էին, Ամեսային նորանց դիմացը ելաւ. Եւ Յովաբը հագել էր իր զգեստը՝ իր հանդերձը, եւ նորա վերայից գօտեւորուած էր սրով, որ կապուած էր մէջքին իր պատեանովը, որ դուրս եկաւ եւ վայր ընկաւ։
  • 9Եւ Յովաբն ասեց Ամեսայիին. Առո՞ղջ ես, եղբայրս, եւ Յովաբն աջ ձեռքովը բռնեց Ամեսայիի մօրուքից որ համբուրէ։
  • 10Բայց Ամեսային չ’զգուշացաւ Յովաբի ձեռքի սուրիցը, եւ նա նորանով զարկեց նորա փորին եւ թափեց փորոտիքը գետինը, եւ չ’կրկնեց, ու նա մեռաւ. Իսկ Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան ընկան Բոքորի որդի Սաբէէի ետեւից։
  • 11Եւ նորա վերայ Յովաբի պատանիներից մէկը կանգնել էր եւ ասում էր. Ով որ Յովաբին է սիրում, եւ ով որ Դաւիթինն է, թող Յովաբի ետեւից գնայ։
  • 12Իսկ Ամեսային թաւալվում էր ճանապարհումը արիւնի մէջ. Եւ երբոր այն մարդը տեսաւ որ բոլոր ժողովուրդը կանգնեց, Ամեսայիին ճանապարհիցը վեր առաւ՝ արտը գցեց եւ նորա վերայ մի շոր ծածկեց, երբոր տեսաւ թէ ամեն եկողը նորա վերայ կանգնում էր։
  • 13Հէնց որ նա ճանապարհիցը վեր առնուեցաւ, ամեն մարդ գնաց Յովաբի ետեւից Բոքորի որդի Սաբէէն հալածելու համար։
  • 14Իսկ նա անցել էր Իսրայէլի բոլոր ցեղերովը մինչեւ Աբէլ եւ Բէթմաաքա եւ բոլոր Բերիմով. Եւ նորանք ժողովուել էին եւ ընկել էլ նորա ետեւից։
  • 15Եւ եկան ու պաշարեցին Աբէլում Բէթմաաքան եւ հողաբլուր շինեցին քաղաքի առաջին, որ կանգնեց պարսպի դէմ. Եւ բոլոր զօրքը, որ Յովաբի հետ էր, քանդում էին որ պարիսպը վայր գցեն։
  • 16Եւ այն քաղաքից մի իմաստուն կին աղաղակեց. Լսեցէք, լսեցէք, մէկ ասեցէք Յովաբին՝ Մօտեցիր մինչեւ այստեղ որ խօսեմ քեզ հետ։
  • 17Նա էլ մօտեցաւ նորան, եւ կինն ասեց. Յովաբը դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ես եմ. Եւ նա ասեց նորան՝ Լսիր աղախնիդ խօսքերը. Եւ նա ասեց. Լսում եմ։
  • 18Եւ նա ասեց այսպէս՝ Առաջ այսպիսի խօսքեր էին խօսում թէ Աբէլումը թող հարցնեն եւ այնուհետեւ վերջացնեն։
  • 19Ես Իսրայէլի խաղաղարարներիցն ու հաւատարիմներցն եմ. Դու ուզում ես Իսրայէլի մէջ մի մայրաքաղաք փչացնել. Ի՞նչու համար բնաջինջ անես Տիրոջ ժառանգութիւնը։
  • 20Եւ Յովաբը պատասխանեց եւ ասեց. Քաւ լիցի, քաւ լիցի ինձ, եթէ ես բնաջինջ անեմ կամ թէ քանդեմ։
  • 21Բանը այդպէս չէ. Այլ Եփրեմի սարիցը մի մարդ՝ անունը Սաբէէ որդի Բոքորի՝ իր ձեռքը բարձրացրել է Դաւիթ թագաւորի դէմ. Տուէք միայն նորան եւ կ’գնամ այդ քաղաքի վերայից. Եւ այն կինն ասեց Յովաբին. Ահա նորա գլուխը քեզ մօտ կ’գցուի պարսպի այն կողմը։
  • 22Եւ այն կինը գնաց իր իմաստութեամբը բոլոր ժողովրդի մօտ. Եւ կտրեցին Բոքորի որդի Սաբէէի գլուխը եւ գցեցին Յովաբի մօտ. Եւ նա փողը հնչեցրեց, եւ այն քաղաքի վերայից ցրուեցան ամեն մարդ իր վրանը, իսկ Յովաբը ետ դառաւ Երուսաղէմ թագաւորի մօտ։
  • 23Եւ Յովաբը Իսրայէլի բոլոր զօրքերի վերայ էր. Եւ Յովիադայի որդի Բանեան՝ Քերեթիների եւ Փելեթիների վերայ։
  • 24Եւ Ադորամը՝ հարկերի վերայ. Եւ Աքիլուդի որդի Յովսափատը յիշատակաց քարտուղար էր։
  • 25Եւ Սուան ատենադպիր եւ Սադովկը ու Աբիաթարը քահանաներ էին.
  • 26Եւ Յայիրացի Իրասն էլ Դաւիթին նախարար էր։
← Ցանկ