Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ14
  • 1Այդ ժամանակին հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան։
  • 2Եւ Յերոբովամն ասեց իր կնկան. Վեր կաց, կերպարանքդ փոխիր որ քեզ չ’ճանաչեն թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա Սելով. Ահա Աքիա մարգարէն այնտեղ է, նա ինձ համար ասել է թէ թագաւոր կ’լինեմ այս ժողովրդի վերայ։
  • 3Եւ տասը հաց, բլիթներ եւ մի փարչ մեղր ձեռքդ առ եւ գնա նորա մօտ, եւ նա քեզ կ’իմացնէ թէ ինչ պիտի լինի երեխային։
  • 4Եւ Յերոբովամի կինը այսպէս արաւ, եւ վեր կացաւ գնաց Սելով ու մտաւ Աքիայի տունը. Բայց Աքիան չէր կարողանում տեսնել. Որովհետեւ աչքերը դադարել էին ծերութիւնից։
  • 5Եւ Տէրն ասեց Աքիային. Ահա Յերոբովամի կինը եկել է քեզանից բան հարցնելու իր որդիի համար, որ ահա հիւանդ է. Այսպէս եւ այսպէս ասես նորան. Եւ կինը եկած ժամանակ իրան օտար է ձեւացնելու։
  • 6Եւ եղաւ հէնց որ Աքիան լսեց նորա ոտքերի ձայնը, որ դռնովը մտնում էր, ասեց. Եկ, որ Յերոբովամի կին, ի՞նչու համար ես քեզ օտար ձեւացնում. Եւ ես ուղարկուեցայ քեզ խիստ բանի համար։
  • 7Գնա, Յերոբովամին ասիր. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Որովհետեւ ես քեզ բարձրացրի ժողովրդի միջիցը եւ քեզ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ իշխան դրի.
  • 8Եւ պատառեցի թագաւորութիւնը Դաւիթի տանիցը եւ քեզ տուի, եւ դու իմ Դաւիթ ծառայի պէս չ’եղար որ պահում էր իմ պատուիրանքները եւ բոլոր սրտով ինձ հետեւում որ միայն իմ աչքին ուղիղ երևեցածն անէ.
  • 9Եւ քեզանից առաջ եղածների ամենից աւելի չարութիւն գործեցիր, եւ գնացիր քեզ համար ուրիշ աստուածներ եւ կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար, եւ ինձ քո ետեւը գցեցիր։
  • 10Ահա ես էլ չարիք պիտի բերեմ Յերոբովամի տան վերայ եւ պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մէջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւերեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ վերջանայ։
  • 11Յերոբովամից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտի մէջ մեռածին երկնքի թռչունները պիտի ուտեն. Որովհետեւ Տէրն է ասում։
  • 12Եւ դու վեր կաց գնա քո տունը. Քո ոտքերը քաղաքը մտնելիս երեխան պիտի մեռնի։
  • 13Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ կ’անէ, եւ կ’թաղեն նորան. Որովհետեւ Յերոբովամից միայն նա է մտնելու գերեզման, որովհետեւ Յերոբովամի տանը միայն նորա վերայ մի բարի բան գտնուեցաւ Իսրայէլի Տէր Աստուծոյ առաջին։
  • 14Եւ Տէրն իր համար Իսրայէլի վերայ մէկ թագաւոր վեր կ’կացնէ որ բնաջինջ կ’անէ Յերոբովամի տունը նոյն օրը, եւ այն էլ ինչ որ կայ հիմա։
  • 15Եւ Տէրը պիտի զարկէ Իսրայէլին ինչպէս որ եղէգը շարժվում է ջրերի մէջ, եւ պիտի խլէ Իսրայէլին այս բարի երկրիցը, որ տուել է իրանց հայրերին, եւ պիտի ցրուէ նորանց Գետի միւս կողմումը. Որովհետեւ իրանց համար կուռքի անտառներ շինեցին Տիրոջը բարկացնելով։
  • 16Եւ Իսրայէլին պիտի մատնէ, այն մեղքերի համար որ Յերոբովամն արաւ, եւ որ Իսրայէլին մեղանչել տուաւ։
  • 17Եւ Յերոբովամի կինը վեր կացաւ եւ գնաց հասաւ Թերսա. Եւ նա տան շէմքովը ներս էր մտնում, որ ահա երեխան մեռաւ։
  • 18Եւ նորան թաղեցին, եւ բոլոր Իսրայէլը սուգ արաւ նորա վերայ Տիրոջ խօսքին համեմատ, որ խօսեց իր ծառայ Աքիա մարգարէի ձեռովը։
  • 19Եւ Յերոբովամի գործքերի մնացորդը, թէ պատերազմելը եւ թէ թագաւորելը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքերումը։
  • 20Եւ Յերոբովամի թագաւորութիւն արած օրերը քսանեւերկու տարի էր. Եւ նա ննջեց իր հայրերի հետ. Եւ նորա որդի Նադաբը թագաւորեց նորա տեղ։
  • 21Եւ Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի մէջ. Ռոբովամը քառասունեւմէկ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում՝ այն քաղաքումը, որ Տէրը ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերից իր անունը այնտեղ դնելու համար. Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։
  • 22Եւ Յուդայեանները չարութիւն արին Տիրոջ աչքի առաջին եւ նորան աւելի բարկացրին իրանց արած մեղքերովը քան թէ իրանց հայրերը։
  • 23Նորանք էլ իրանց համար բարձրաւանդակներ եւ արձաններ եւ անտառի կուռքեր շինեցին ամեն բարձր բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։
  • 24Եւ իգացողներ էլ կային այն երկրումը, որ այն ազգերի բոլոր գարշութիւնների պէս էին անում, որոնց քշել էր Տէրը Իսրայէլի որդկանց առաջից։
  • 25Եւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին եղաւ որ Եգիպտոսի Սիսակ թագաւորն եկաւ Երուսաղէմի վերայ։
  • 26Եւ վեր առաւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը եւ բոլորը վեր առաւ, եւ վեր առաւ բոլոր ոսկի վահանները որ Սողոմոնը շինել էր։
  • 27Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի վահաններ շինեց եւ յանձնեց սուրհանդակների գլխաւորների ձեռքը, որ թագաւորի տան պահպանութիւնն անում էին։
  • 28Եւ երբոր թագաւորը Տիրոջ տունն էր գնում, սուրհանդակները նորանց տանում եւ ետ էին բերում սուրհանդակների խուցը։
  • 29Եւ Ռոբովամի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 30Եւ միշտ պատերազմ կար Ռոբովամի եւ Յերոբովամի մէջ։
  • 31Եւ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա մօր անունն էր Նաամա Ամմոնացի. Եւ նորա Աբիամ որդին թագաւորեց նորա տեղ։
← Ցանկ