Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ15
  • 1Եւ Նաբատեան Յերոբովամի թագաւորութեան տասնեւութերորդ տարին Աբիամը թագաւորեց Յուդայի վերայ։
  • 2Երեք տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։
  • 3Եւ նա գնաց իր հօր բոլոր մեղքերումը, որ արել էր իրանից առաջ, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ առաջին ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։
  • 4Որովհետեւ Դաւիթի համար նորա Տէր Աստուածն իրան մէկ ճրագ էր տուել Երուսաղէմումը, որ նորա որդիին հաստատէ իրանից յետոյ եւ հաստատ պահէ Երուսաղէմումը։
  • 5Որովհետեւ Դաւիթն ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չ’խոտորուեց իր կեանքի բոլոր օրերումը այն ամենից որ իրան պատուիրուած էր բացի Քետացի Ուրիայի բանումը։
  • 6Եւ պատերազմ կար Ռոբովամի եւ Յերոբովամի մէջ նորա կեանքի բոլոր օրերումը։
  • 7Եւ Աբիամի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը. Եւ պատերազմ կար Աբիամի եւ Յերոբովամի մէջ։
  • 8Եւ Աբիամը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Ասան թագաւորեց նորա տեղ։
  • 9Եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի քսաներորդ տարին թագաւոր եղաւ Ասան Յուդայի վերայ,
  • 10Եւ քառասունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։
  • 11Եւ Ասան ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։
  • 12Եւ դուրս արաւ իգացողներին այն երկրից եւ հեռացրեց իր հայրերի շինած ամեն կուռքերը։
  • 13Եւ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից. Որովհետեւ նա անտառի գարշութիւն էր շինել. Եւ Ասան բնաջինջ արաւ նորա գարշութիւնը եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։
  • 14Բայց բարձրաւանդակները վեր չ’առնուեցան, սակայն Ասայի սիրտը ուղիղ էր Տիրոջ հետ իր բոլոր օրերումը։
  • 15Եւ իր հօր նուիրածները եւ իր նուիրածները՝ արծաթը, ոսկին եւ անօթները բերաւ Տիրոջ տունը։
  • 16Եւ պատերազմ կար Ասայի եւ Իսրայէլի Բաասա թագաւորի մէջ նորանց բոլոր օրերումը։
  • 17Եւ Իսրայէլի Բաասա թագաւորը վեր գնաց Յուդայի վերայ եւ շինեց Ռաման, որ ելք եւ մուտք չ’տայ Յուդայի Ասա թագաւորին։
  • 18Եւ Ասան վեր առաւ Տիրոջ տան գանձումը եւ թագաւորի տան գանձումը մնացած բոլոր արծաթը եւ ոսկին եւ տուաւ իր ծառաների ձեռքը, եւ Ասա թագաւորը ուղարկեց նորանց Դամասկոսում բնակող Ասորիների թագաւորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին ասելով.
  • 19Դաշինք կայ իմ մէջ եւ քո մէջ, իմ հօր մէջ եւ քո հօր մէջ. Ահա քեզ համար արծաթ ու ոսկի ուղարկեցի ընծայ, քանդիր քո դաշինքը Իսրայէլի Բաասա թագաւորի հետ, որ նա գնա ինձանից։
  • 20Եւ Բենադադը լսեց Ասա թագաւորին, եւ իր զօրքերի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների վերայ եւ զարկեց Իյօնը, Դանը, Աբէլ-բեթ-մաաքան եւ բոլոր Քեներէթը ու բոլոր Նեփթաղիմի երկիրը։
  • 21Եւ երբոր Բաասան լսեց այս բանը, դադարեց Ռաման շինելուց եւ բնակուեց Թերսայում։
  • 22Եւ Ասա թագաւորը լուր տուաւ բոլոր Յուդայեաններին առանց բացառութեան, եւ նորանք վեր առան Ռամայի քարերը եւ փայտերը, որ շինել էր Բաասան, եւ Ասա թագաւորը նորանցով շինեց Բենիամինի Գաբան եւ Մասփան։
  • 23Եւ Ասայի բոլոր գործքերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը եւ նորա բոլոր արածը եւ նորա շինած քաղաքները, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը. Միայն թէ իր ծերութեան ժամանակ ոտները ցաւում էին։
  • 24Եւ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա Յովսափատ որդին թագաւորեց նորա տեղ։
  • 25Եւ Յերոբովամի որդի Նադաբը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի թագաւոր Ասայի երկրորդ տարիումը, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։
  • 26Եւ նա չորութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը եւ նորա մեղքերովը, որոնցով մեղանչել տուաւ Իսրայէլին։
  • 27Եւ նորա դէմ դաւաճանութիւն արաւ Իսաքարցի Աքիայի որդի Բաասան, եւ Բաասան նորան ջարդեց Փղշտացիների Գաբաթոնումը, երբոր Նադաբը եւ բոլոր Իսրայէլը պաշարել էին Գաբաթոնը։
  • 28Եւ Բաասան մեռցրեց նորան Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը, եւ ինքը թագաւորեց նորա տեղ։
  • 29Եւ հէնց որ թագաւոր եղաւ ջարդեց Յերոբովամի բոլոր տունը, բնաւ մի շնչաւոր չ’թողեց Յերոբովամի համար մինչեւ որ նորան բնաջինջ արաւ Տիրոջ այն խօսքի համեմատ, որ իր ծառայ Սիլօնացի Աքիա մարգարէի ձեռովը խօսել էր,
  • 30Յերոբովամի արած եւ Իսրայէլին մեղանչել տուած մեղքերի համար նորա այն բարկութեան համար, որով բարկացրել էր Իսրայէլի Տէր Աստուծուն։
  • 31Եւ Նադաբի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 32Եւ պատերազմ կար Ասայի եւ Իսրայէլի Բաասա թագաւորի մէջ նորանց բոլոր օրերումը։
  • 33Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը Աքիայի որդի Բաասան թագաւոր եղաւ բոլոր Իսրայէլի վերայ Թերսայում, և թագաւորեց քսանեւչորս տարի.
  • 34Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց Յերոբովամի ճանապարհովը եւ նորա մեղքովը, որով մեղանչել տուաւ Իսրայէլին։
← Ցանկ