Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ19
- 1Եւ երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ եւ գնաց Տիրոջ տունը։
- 2Եւ պալատի հազարապետ Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարէի մօտ։
- 3Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի եւ նախատանքի օր է այս օրը. Որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չ’կայ ծնելու։
- 4Թերեւս լսէ քո Տէր Աստուածը Ռաբսակի բոլոր խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը։ Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։
- 5Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։
- 6Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր տիրոջը. Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերիցը, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։
- 7Ահա ես նորա վերայ մի ոգի կ’ուղարկեմ, եւ նա մի լուր կ’լսէ, եւ ետ կ’դառնայ իր երկիրը, եւ սրով կ’ընկնէ իր երկրումը։
- 8Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել է Լաքիսից։
- 9Եւ նա լուր լսեց Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով.. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. Եւ դարձեալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով.
- 10Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին ասելով. Թող քո Աստուածը քեզ չ’խաբէ որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
- 11Ահա դու լսեցիր, թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. Եւ դու պիտի ազատուի՞ս։
- 12Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։
- 13Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։
- 14Եւ Եզեկիան առաւ նամակները դեսպանների ձեռքիցը եւ կարդաց նորանց, եւ վեր գնաց Տիրոջ տունը. Եւ Եզեկիան տարածեց նորանց Տիրոջ առաջին։
- 15Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
- 16Ով Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ լսիր. Ով Տէր, բաց քո աչքերը եւ տես եւ լսիր Սենեքերիմի խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։
- 17Արդարեւ, ով Տէր, աւերել են Ասորեստանի թագաւորները այն ազգերին եւ նորանց երկիրները.
- 18Եւ այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չեն, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ եւ քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։
- 19Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ դու Եհովադ ես միայն Աստուած։
- 20Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Այն որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի մասին, լսեցի։
- 21Այս այն խօսքն է որ Տէրն ասում է նորա մասին. Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։
- 22Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր. Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր, Եւ աչքերդ վեր հանեցիր. Իսրայէլի Սուրբի վերայ։
- 23Քո դեսպանների ձեռովը նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր. Իմ կառքերի շատութիւնովը վեր գնացի սարերի բարձրութեան վերայ՝ Լիբանանի կողմերը. Եւ ես կտրում եմ նորա բարձր եղեւինները, Եւ նորա ընտիր մայրերը. Եւ մտնում եմ նորա ծայրի օթեւանը Նորա Կարմեղոսի անտառը։
- 24Եւ ես փորեցի եւ օտար ջրերը խմեցի, Եւ իմ ոտքերի թաթերովը կ’չորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը։
- 25Մի՞թէ դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպեցի. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։
- 26Եւ նորանց բնակիչների ձեռքը կարճ է, Վասն որոյ զարհուրեցին եւ ամաչեցին, Եւ եղան դաշտի խոտ՝ Եւ կանաչ բանջար՝ Տանիքի խոտ՝ Եւ հասկը քշելուց առաջ խորշակահար եղած արտ,
- 27Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։
- 28Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար, Եւ ըստ որում քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին. Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին Եւ իմ սանձը՝ քո բերանին, Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։
- 29Եւ այս լինի քեզ նշանը. Կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին՝ ինքնիրան բուսածը, Իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։
- 30Եւ Յուդայի տան ազատուած մնացորդը Կրկին արմատ կ’արձակէ դէպի ցած, Եւ պտուղ կ’տայ վերեւումը։
- 31Որովհետեւ Երուսաղէմից դուրս կ’գայ մնացորդ, Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը։ Այս Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։
- 32Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. Նա չի մտնիլ այս քաղաքը, Եւ այնտեղ մի նետ չի գցիլ. Եւ վահանով նորա առաջը չի գալ, Եւ նորա դէմ պատնէշ չի կանգնեցնիլ։
- 33Իր եկած ճանապարհովը ետ կ’դառնայ. Եւ այս քաղաքի մէջ չի մտնիլ. Ասում է Տէրը։
- 34Եւ ես կ’պաշտպանեմ այդ քաղաքը, որ ազատեմ՝ Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։
- 35Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։
- 36Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։
- 37Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ։