Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ25
  • 1Եւ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասնին եկաւ Բաբիլոնի թագաւորը՝ Նաբուգոդոնոսորն ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուաւ նորա դէմ՝ պատնէշներ շինեց շուրջանակի։
  • 2Եւ քաղաքը մտաւ պաշարման մէջ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին։
  • 3Եւ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չ’կար երկրի ժողովրդի համար։
  • 4Եւ քաղաքը խրամատուեցաւ. Եւ բոլոր պատերազմողները փախան գիշերը դռան ճանապարհովը երկու պարիսպների միջովը, որ դէպի թագաւորի պարտէզն է. Բայց Քաղդէացիք քաղաքը շրջապատել էին. Եւ թագաւորը գնաց անապատի ճանապարհովը։
  • 5Եւ Քաղդէացիների զօրքերն ընկան թագաւորի ետեւից եւ հասան նորան Երիքովի դաշտերումը, եւ նորա բոլոր զօրքը փախաւ նորա մօտիցը։
  • 6Եւ բռնեցին թագաւորին եւ նորան վեր տարին Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա. Եւ նորա դատաստանն արին։
  • 7Եւ Սեդեկիայի որդկանցը մորթեցին նորա աչքի առաջին, եւ Սեդեկիայի աչքերը կուրացրին, եւ պղնձի շղթաներով կապեցին եւ տարին նորան Բաբիլոն։
  • 8Եւ Բաբիլոնի թագաւոր՝ Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթին եկաւ Բաբիլոնի թագաւորի ծառայ Նաբուզարդան դահճապետը Երուսաղէմ,
  • 9Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ Երուսաղէմի բոլոր տուները եւ ամեն մի մեծ տուն այրեց կրակով։
  • 10Եւ Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետ էին քանդեցին Երուսաղէմի պարիսպը շուրջանակի։
  • 11Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդին եւ փախստականներին, որ անձնատուր եղան Բաբիլոնի թագաւորին եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։
  • 12Բայց երկրի աղքատներիցը թողեց դահճապետը որ մնան իբրեւ այգեգործներ եւ երկրագործներ։
  • 13Եւ Տիրոջ տան եղող պղնձի սիւները եւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, Քաղդէացիք կոտրատեցին եւ նորանց պղինձը տարին Բաբիլոն։
  • 14Եւ թաղարները, թիակները եւ բազմակալները եւ տուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով պաշտօն էին կատարում, առան։
  • 15Եւ բուրվառներն ու կոնքերը, որը ոսկի էր՝ ոսկին, եւ որը արծաթի էր՝ արծաթին առաւ դահճապետը։
  • 16Այն սիւները՝ երկու, ծովը՝ մէկ եւ մեքենովթները որ Սողոմոնը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անօթների պղնձին կշիռը չ’կար։
  • 17Տասնեւութը կանգուն բարձր էր մէկ սիւնը. Եւ նորա վերայ մի պղնձի խոյակ. Եւ խոյակի բարձրութիւնը երեք կանգուն, եւ ցանցեր ու նռներ խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. Եւ սորանց նման էր միւս սիւնը ցանցերի նկատմամբ։
  • 18Եւ դահճապետն առաւ առաջին քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ երեք դռնապաններին.
  • 19Եւ քաղաքիցը մի ներքինի առաւ, որ պատերազմող մարդկանց վերակացու էր, եւ հինգ մարդ թագաւորի առաջին կանգնողներից, որ գտնվում էին քաղաքումը, եւ դպրապետ զօրագլուխը որ երկրի ժողովրդին զինուորագրողն էր եւ երկրի ժողովրդից, որ գտնվում էին քաղաքում, վաթսուն մարդ,
  • 20Եւ առաւ նորանց Նաբուզարդան դահճապետը եւ ուղարկեց նորանց Ռեբղա Բաբիլոնի թագաւորի մօտ։
  • 21Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց ու սպանեց նորանց Եմաթի երկրումը Ռեբղայում։ Եւ Յուդայեանք գերի գնացին իրանց երկրիցը։
  • 22Եւ այն ժողովրդի վերայ, որ մնացել էր Յուդայի երկրումը, որին թողել էր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, նշանակեց Սափանեան Աքիկամի որդի Գոդողիային։
  • 23Եւ զօրաց բոլոր իշխանները եւ նորանց մարդիկը երբոր լսեցին, որ Բաբիլոնի թագաւորը Գոդողիային իշխան նշանակեց, եկան Մասփա Գոդողիայի մօտ՝ այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յօհանանը, եւ Թանհումեթի որդի Նետոփաթացի Սարայիան, եւ Մաքաթիի որդի Յեզոնիան, նորանք եւ նորանց մարդիկը։
  • 24Եւ Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը եւ ասեց նորանց. Մի վախենաք Քաղդէացիներին ծառաներ լինելուց. Կացէք այս երկրումը եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կ’լինի։
  • 25Եւ եօթներորդ ամիսը եղաւ, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը եւ տասը մարդ իր հետը եւ զարկեցին Գոդողիային, եւ նա մեռաւ. Նոյնպէս էլ այն Հրէաներին եւ Քաղդէացիներին, որ նորա հետ Մասփայումն էին։
  • 26Եւ բոլոր ժողովուրդը մեծից մինչեւ փոքրը եւ զօրաց իշխանները վեր կացան գնացին Եգիպտոս, որովհետեւ վախեցան Քաղդէացիների երեսիցը։
  • 27Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովաքինի գերութեան երեսունեւեօթներորդ տարուայ տասնեւերկուերորդ ամսի քսանեւեօթին Բաբիլոնի Իլմարովդաք թագաւորը իր թագաւոր եղած տարին բարձրացրեց Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը՝ նորան բանտից հանելով։
  • 28Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը դրաւ այն թագաւորների աթոռից վեր, որ նորա հետ Բաբիլոնումն էին։
  • 29Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ միշտ նորա առաջին էր հաց ուտում իր կեանքի բոլոր օրերումը։
  • 30Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով թագաւորի կողմանէ օր ըստ օրէ տրվում էր նորան՝ նորա կեանքի բոլոր օրերումը։
← Ցանկ