Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ6
  • 1Եւ մարգարէի որդիքն ասեցին Եղիսէին. Ահա այս տեղը՝ ուր որ մենք բնակվում ենք քո առաջին, մեզ համար նեղ է։
  • 2Թող գնանք մինչեւ Յորդանան, եւ ամեն մէկս վեր առնենք այնտեղից մէկ գերան, եւ այնտեղ մեզ համար տեղ շինենք այնտեղ բնակուելու. Եւ նա ասեց. Գնացէք։
  • 3Եւ նորանցից մէկն ասեց. Բարեհաճիր, դու էլ գնա ծառաներիդ հետ. Եւ նա ասեց. Ես կ’գամ։
  • 4Եւ գնաց նորանց հետ, եւ եկան Յորդանան եւ ծառերը կտրում էին։
  • 5Եւ մէկը գերանը կտրելիս տապարի երկաթն ընկաւ ջուրը, եւ նա գոչելով ասեց. Վա՜յ, տէր իմ, նաեւ փոխ առուած էր։
  • 6Եւ Աստուծոյ մարդն ասեց. Ո՞ւր ընկաւ. Եւ նա տեղը նորան ցոյց տուաւ. նա էլ մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ, եւ երկաթին լողալ տուաւ։
  • 8Եւ Ասորիների թագաւորը պատերազմում էր Իսրայէլի դէմ, եւ իր ծառաների հետ խորհուրդ արաւ ասելով. Այսինչ կամ այնինչ տեղը բանակ դնեմ։
  • 9Բայց Աստուծոյ մարդը Իսրայէլի թագաւորին լուր ուղարկեց ասելով. Զգուշացիր այստեղով անցկենալուց. Որովհետեւ Ասորիները այնտեղ բանակ են տուել։
  • 10Եւ Իսրայէլի թագաւորը մարդ էր ուղարկում այնտեղը որի համար Աստուծոյ մարդն ասում էր եւ նորան զգուշացնում. Եւ նա զգուշացաւ այն տեղիցը ոչ թէ մէկ եւ ոչ թէ երկու անգամ։
  • 11Եւ Ասորիների թագաւորի սիրտը շփոթուեցաւ այս բանի վերայ եւ իր ծառաներին կանչեց ու ասեց նորանց. Չէ՞ք իմացնիլ ինձ թէ մեր մարդկանցից ով է Իսրայէլի թագաւորի հետ։
  • 12Եւ նորա ծառաներից մէկն ասեց. Ոչ, ով իմ տէր թագաւոր, այլ Իսրայէլումն եղող Եղիսէ մարգարէն է իմացնում Իսրայէլի թագաւորին այն բաները, որ դու խօսում ես քո անկողնի սենեակումը։
  • 13Եւ նա ասեց. Գնացէք եւ տեսէք, նա ուր է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ. Եւ նորան իմացրին ասելով. Ահա Դօթայիմումն է։
  • 14Եւ այնտեղ ձիեր եւ կառքեր եւ մեծ զօրք ուղարկեց, եւ սորանք գիշերը եկան ու քաղաքը պաշարեցին։
  • 15Եւ Աստուծոյ մարդի ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը՝ նաեւ ձիերն ու կառքերը. Եւ նորա ծառան ասեց նորան. Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք։
  • 16Նա էլ ասեց. Մի վախենար. Որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները։
  • 17Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը։
  • 18Եւ նորանք իջան նորա մօտ. Բայց Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Աղաչում եմ՝ զարկիր այս ժողովրդին կուրութեամբ։ Եւ նորանց զարկեց կուրութեամբ Եղիսէի խօսքին համեմատ։
  • 19Եւ Եղիսէն ասեց նորանց. Ճանապարհը այս չէ. Եւ քաղաքը այս չէ. Իմ ետեւիցը եկէք եւ ձեզ կ’տանեմ այն մարդի մօտ, որին դուք որոնում էք. Եւ նա նորանց տարաւ Սամարիա։
  • 20Եւ երբոր եկան Սամարիա, այն ժամանակ Եղիսէն ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն. Եւ Տէրը բացաւ նորանց աչքերը եւ նորանք տեսան, եւ ահա Սամարիայի մէջ էին։
  • 21Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Եղիսէին՝ երբոր նորանց տեսաւ. Զարկե՞մ, զարկե՞մ, հայր իմ։
  • 22Եւ նա ասեց. Մի զարկիր. Մի՞թէ դու սպանում ես նորանց որ քո սուրովը եւ աղեղովը գերի արիր. հաց ու ջուր դիր նորանց առաջին որ ուտեն եւ խմեն եւ յետոյ գնան իրանց տիրոջ մօտ։
  • 23Եւ նորանց համար մի մեծ հացկերոյթ պատրաստեց, եւ նորանք կերան ու խմեցին. Եւ յետոյ նորանց արձակեց եւ նորանք գնացին իրանց տիրոջ մօտ, եւ Ասորիների գունդերը այլ եւս չ’եկան Իսրայէլի երկիրը։
  • 24Եւ սորանից յետոյ ժողովեց Ասորիների Բենադադ թագաւորն իր բոլոր բանակը եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան։
  • 25Եւ մեծ սով եղաւ Սամարիայումը. Որովհետեւ պաշարել էին նորան, մինչեւ որ մէկ էշի գլուխը ութսուն սիկղ արծաթ եւ մէկ կապճի չորրորդ մաս աղաւնիի աղբը հինգ սիկղ արծաթ եղաւ։
  • 26Եւ երբոր Իսրայէլի թագաւորը պարսպի վերայից անցնում էր, մի կին դէպի նորան գոռաց ասելով. Օգնիր ինձ, ով իմ տէր թագաւոր։
  • 27Եւ նա ասեց. Եթէ Տէրը քեզ չ’օգնէ, ես ո՞րտեղից օգնեմ քեզ. կալի՞ցը թէ հնձանիցը։
  • 28Եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ ունես. Նա էլ ասեց. Այս կինը ինձ ասեց՝ Տուր տղադ այսօր ուտենք, իմ տղան էլ էգուց կ’ուտենք։
  • 29Մենք էլ եփեցինք տղաս եւ կերանք նորան, եւ ես ասում եմ իրան միւս օրը. Տուր տղադ որ ուտենք, բայց դա թաքցրել է իր տղային։
  • 30Եւ երբոր թագաւորը լսեց այն կնկայ խօսքերը, պատառեց հանդերձը պարսպի վերայով գնալիս, եւ ժողովուրդը տեսաւ որ ահա ներսեւանց քուրձը նորա մարմնի վերայ էր։
  • 31Եւ նա ասեց. Աստուած ինձ այսպէս անէ եւ սորանից աւելի անէ, եթէ Սափատեան Եղիսէի գլուխը այսօր նորա վերայ մնալու լինի։
  • 32Եւ Եղիսէն նստել էր իր տանը եւ ծերերն էլ նստել էին նորա հետ. Եւ թագաւորը մարդ ուղարկեց իր առաջից. Բայց պատգամաւորը դեռ չէր եկել նորա մօտ, որ նա ասեց ծերերին. Տեսնո՞ւմ էք որ այս մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու. Տեսէք, հէնց որ պատգամաւորը եկաւ՝ դուռը կողպեցէք եւ նորան սեղմեցէք դռանը. չէ՞ որ նորա տիրոջ ոտքերի ձայնը նորա ետեւիցը գալիս է։
  • 33Նա տակաւին նորանց հետ խօսելիս ահա պատգամաւորն իջաւ նորա մօտ եւ ասեց. Ահա այս չարիք է Տիրոջ կողմիցը, այլ եւս ի՞նչ սպասեմ Տէրիցը։
← Ցանկ