Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ7
  • 1Եւ Եղիսէն ասեց. Լսեցէք Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէրը. Էգուց այս ժամանակ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ կ’լինի Սամարիայի դռանը։
  • 2Եւ պատասխանեց այն նախարարը, որի ձեռքի վերայ կռնում էր թագաւորը, Աստուծոյ մարդին եւ ասեց. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. Բայց նա ասեց. Ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։
  • 3Եւ քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, եւ նորանք իրար ասեցին. Մենք ի՞նչ ենք այստեղ նստում մինչեւ որ մեռնենք։
  • 4Եթէ ասենք՝ գնանք քաղաքը, սով կայ քաղաքումը եւ այնտեղ կ’մեռնենք. Եւ եթէ այստեղ մնանք, կ’մեռնենք. Ուրեմն հիմա եկէք ընկնենք Ասորիների բանակը. Եթէ մեզ ողջ թողեցին, կ’ապրենք. Բայց եթէ մեզ մեռցրին, կ’մեռնենք։
  • 5Եւ մութ ժամանակին վեր կացան որ գնան Ասորիների բանակը, եւ եկան մինչեւ Ասորիների բանակի ծայրը. Եւ ահա այնտեղ մարդ չ’կար.
  • 6Որովհետեւ Տէրը Ասորիների բանակի մէջ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել, որ իրար ասեցին. Ահա Իսրայէլի թագաւորը Քետացիների թագաւորներին ու Եգիպտոսի թագաւորներին վարձել է մեզ դէմ, որ գան մեզ վերայ։
  • 7Եւ վեր կացան ու փախան մութ ժամանակին, եւ թողեցին իրանց վրանները, իրանց ձիերը եւ իրանց էշերն ու բանակը, ինչպէս որ էր, եւ փախան իրանց անձինքը պրծեցնելով։
  • 8Եւ այն բորոտները եկան մինչեւ բանակի ծայրը եւ մտան մի վրանի մէջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի ու հանդերձներ առան գնացին եւ թաքցրին. Եւ ետ դառան ու մտան մի ուրիշ վրանի մէջ, եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին։
  • 9Եւ իրար ասեցին. Մենք այսպէս չէինք անելու. Այս օրը աւետիքի օր է, եւ մենք լռել ենք եւ մնում ենք մինչեւ առաւօտեան լոյսը, այն ժամանակ մենք յանցաւոր կ’գտնուինք. Եւ արդ եկէք գնանք եւ յայտնենք թագաւորի տանը։
  • 10Եւ նորանք եկան եւ կանչեցին քաղաքի դռնապանին եւ պատմեցին նորանց ասելով. Մենք գնացինք Ասորիների բանակը, եւ ահա այնտեղ ոչ մարդ կայ եւ ոչ մարդի ձայն, այլ կապած ձիեր եւ կապած էշեր եւ վրաններ ինչպէս որ կան։
  • 12Եւ թագաւորը վեր կացաւ գիշերը եւ ասեց իր ծառաներին. Թողէք ձեզ պատմեմ Ասորիների մեզ արածը. Նորանք գիտեն որ մենք սոված ենք, եւ դուրս են գնացել բանակիցը դաշտումը թաքնուելու ասելով թէ Երբոր քաղաքիցը դուրս գան, մենք նորանց ողջ ողջ կ’բռնենք, եւ քաղաքը կ’մտնենք։
  • 13Բայց նորա ծառաներից մէկը պատասխան տուաւ եւ ասեց. Նորանում այսինքն քաղաքումը մնացած ձիերից հինգը թող առնեն (ահա ինչպէս որ է բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ նորանում մնացել է, ահա նոյնպէս է եւ բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ փչացել է) թողէք ուղարկենք եւ տեսնենք։
  • 14Եւ երկու կառքեր առան ձիերովը. Եւ թագաւորը մարդ ուղարկեց Ասորիների բանակի ետեւից ասելով. Գնացէք եւ տեսէք։
  • 15Եւ նորանք գնացին նորանց ետեւից մինչեւ Յորդանան, եւ ահա բոլոր ճանապարհը լիքն էր հանդերձներով եւ անօթներով որ Ասորիները շտապելով դէն էին գցել, եւ պատգամաւորները ետ դառան ու պատմեցին թագաւորին։
  • 16Եւ ժողովուրդը դուրս գնաց, եւ կողոպտեցին Ասորիների բանակը. Եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը դառաւ մէկ սիկղ եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ՝ Տիրոջ խօսքին համեմատ։
  • 17Եւ թագաւորը դռան վերակացու դրաւ այն նախարարին, որի ձեռքի վերայ կռնում էր, եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ եւ նա մեռաւ, ինչպէս Աստուծոյ մարդը խօսել էր որ ասեց թագաւորը նորա մօտ իջնելիս։
  • 18Եւ երբոր Աստուծոյ մարդը թագաւորի հետ խօսեց ասելով. Երկու գրիւ գարին մէկ սիկղ եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ կ’դառնայ էգուց այս ժամանակ Սամարիայի դռանը,
  • 19Եւ այն նախարարը պատասխանել էր Աստուծոյ մարդին եւ ասել. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. Նա էլ ասել էր ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։
  • 20Եւ նորան այնպէս էլ եղաւ. Եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ, եւ նա մեռաւ։
← Ցանկ