Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ34
  • 1Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ, եւ երեսունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։
  • 2Եւ նա Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի ճանապարհներովը, եւ չ’խոտորուեց աջ կամ ձախ։
  • 3Եւ իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դաւիթի Աստուծուն, եւ տասնեւերկուերորդ տարին սկսեց նա մաքրել Յուդան եւ Երուսաղէմը բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից։
  • 4Եւ քանդեցին նորա առաջին բահաղիմի սեղանները, եւ նա նորանց վերայի արեգական կուռքերը կոտրատեց, եւ Աստարովթի կուռքերն ու ձուլածոյ կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ ցրուեց նորանց զոհողների գերեզմանների վերայ։
  • 5Եւ քուրմերի ոսկորներն այրեց նորանց սեղանների վերայ, եւ մաքրեց Յուդան եւ Երուսաղէմը։
  • 6Եւ Մանասէի, Եփրեմի եւ Շմաւոնի քաղաքներումը, եւ մինչեւ Նեփթաղիմ շուրջանակի նորանց աւերակներումը՝
  • 7Կործանեց սեղանները եւ Աստարովթի կուռքերը, եւ քանդակած կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ բոլոր արեգական կուռքերը կոտրատեց Իսրայէլի բոլոր երկրումը, եւ ետ դառաւ Երուսաղէմ։
  • 8Եւ իր թագաւորութեան տասնեւութերորդ տարին, երբոր երկիրը եւ տունը մաքրեց՝ ուղարկեց Եսելիայի որդի Սափանին, եւ քաղաքի իշխան Մաասիային եւ Յովաքազի որդի Յովաք յիշատակաց դպիրին, որ իր Տէր Աստուծոյ տունը նորոգեն։
  • 9Եւ նորանք եկան Քեղկիա քահանայապետի մօտ եւ տուին այն փողը որ եկել էր Աստուծոյ տունը, այն որ ժողովել էին դռան պահապան Ղեւտացիները Մանասէի եւ Եփրեմի ձեռքից եւ Իսրայէլի բոլոր մնացորդից եւ բոլոր Յուդայից եւ Բենիամինից եւ Երուսաղէմի բնակիչներից։
  • 10Այսինքն տուին այն գործաւորների ձեռքը որ նշանակուած էին Տիրոջ տան վերայ, եւ նորանք էլ տուին այն գործաւորների ձեռքը, որ գործում էին Տիրոջ տանը՝ տունը նորոգելու եւ շինելու համար։
  • 11Եւ տուին հիւսերին եւ շինողներին, որ տաշած քարեր եւ գերանների համար փայտեր առնեն այն տների համար, որոնց քանդել էին Յուդայի թագաւորները։
  • 12Եւ այն մարդիկը հաւատարմութեամբ գործում էին գործը, եւ նորանց վերայ նշանակուած էին՝ Մերարիի որդիներից՝ Ղեւտացի Յեթը եւ Աբդիան, եւ Կահաթեանց որդիներից Զաքարիան եւ Մեսուղամը իբրեւ վերակացուներ. Եւ Ղեւտացիներն՝ ամեն մի նուագարանով երգել հասկացողը։
  • 13Բեռնակիրների վերայ էլ, ամեն տեսակ գործեր կատարողների վերայ էլ վերակացուներ էին. Նոյնպէս Ղեւտացիներիցն էին դպիրները, ոստիկանները եւ դռնապանները։
  • 14Եւ երբոր Տիրոջ տունը բերուած փողը հանում էին, Քեղկիա քահանան գտաւ Մովսէսի ձեռքով եղած Տիրոջ օրէնքի գիրքը։
  • 15Եւ Քեղկիան պատասխանեց եւ ասեց Սափան դպիրին. Օրէնքի գիրքը գտայ Տիրոջ տանը. Եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափան դպիրին։
  • 16Եւ Սափանն այն գիրքը բերաւ թագաւորին, եւ պատասխան բերաւ թագաւորին ասելով. Ամեն ինչ որ յանձնուել է քո ծառաների ձեռքը՝ նորանք կատարում են։
  • 17Եւ Տիրոջ տան մէջ գտնուած փողը թափեցին եւ տուին նորան վերակացուների ձեռքը եւ գործաւորների ձեռքը։
  • 18Եւ Սափան դպիրը պատմեց թագաւորին ասելով. Քեղկիա քահանան ինձ մէկ գիրք է տուել. Եւ Սափանը նորա միջիցը կարդաց թագաւորի առաջին։
  • 19Եւ թագաւորը լսելով օրէնքի խօսքերը՝ պատառեց իր հանդերձները։
  • 20Եւ թագաւորը հրամայեց Քեղկիային, եւ Սափանի որդի Աքիկամին, եւ Միքիայի որդի Աբդօնին եւ Սափան դպիրին եւ թագաւորի ծառայ Ասայիային, եւ ասեց.
  • 21Գնացէք ինձ համար եւ Իսրայէլի ու Յուդայի մնացորդների համար այս գտնուած գրքի խօսքերի մասին հարցրէք Տիրոջը. Որովհետեւ մեծ է Տիրոջ մեզ վերայ թափուած բարկութիւնը, որովհետեւ մեր հայրերը չ’պահեցին Տիրոջ խօսքը որ անէին բոլոր այս գրքումը գրուածին համեմատ։
  • 22Եւ Քեղկիան եւ թագաւորի մարդիկը գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապետի կնկայ Ողդա մարգարէուհիի մօտ, եւ նա բնակվում էր Երուսաղէմում Մասենայում. Եւ նորա հետ այնպէս խօսեցին։
  • 23Եւ նա ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ասեցէք այն մարդին, որ ձեզ ինձ մօտ է ուղարկել.
  • 24Տէրը այսպէս է ասում. Ահա ես այս տեղի եւ նորա բնակիչների վերայ չարիք եմ բերելու՝ այն բոլոր անէծքները որ գրուած են այն գրքի մէջ որ կարդացել են Յուդայի թագաւորի առաջին։
  • 25Նորա համար որ ինձ թողած ուրիշ աստուածների խունկ ծխեցին, որ բարկացնեն իրանց ձեռքերի բոլոր գործքերովը. Եւ իմ բարկութիւնը պիտի թափուի այս տեղի վերայ եւ պիտի չ’հանգչէ։
  • 27Որովհետեւ քո սիրտը կակղացաւ եւ խոնարհուեցար Աստուծոյ առաջը այս տեղի եւ նորա բնակիչների մասին եղած խօսքերը լսելով, եւ խոնարհուեցար իմ առաջը, եւ պատառեցիր քո հանդերձները, եւ լաց եղար իմ առաջը, ուրեմն ես էլ քեզ լսեցի, ասում է Եհովան։
  • 28Ահա ես քեզ կ’ժողովեմ քո հայրերի մօտ, եւ դու կ’դրուիս քո գերեզմանների մէջ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնիլ այն բոլոր չարիքը, որ ես պիտի բերեմ այս տեղի վերայ եւ նորա բնակիչների վերայ։ Եւ նորանք պատասխանը բերին թագաւորին։
  • 29Եւ թագաւորը մարդ ուղարկեց եւ ժողովեց Յուդայի եւ Երուսաղէմի բոլոր ծերերին։
  • 30Եւ թագաւորը եւ Յուդայի բոլոր մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները եւ քահանաներն ու Ղեւտացիները եւ բոլոր ժողովուրդը մեծից մինչեւ փոքրը վեր գնացին Տիրոջ տունը, եւ նորանց ականջին կարդացին Տիրոջ տանը գտնուած ուխտի գրքի բոլոր խօսքերը։
  • 31Եւ թագաւորը կանգնած էր իր տեղը, եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին, որ գնայ Տիրոջ ետեւից եւ պահէ նորա պատուէրները, վկայութիւնները եւ կանոնները իր բոլոր սրտովը եւ իր բոլոր հոգովը, որ կատարէ այս գրքի մէջ գրուած ուխտի խօսքերը։
  • 32Եւ նա կանգնեցրեց բոլոր Երուսաղէմում եւ Բենիամինում գտնուողներին. Եւ Երուսաղէմի բնակիչներն արին Աստուծոյ՝ իրանց հայրերի Աստուծոյ ուխտին համեմատ։
  • 33Եւ Յովսիան հեռացրեց բոլոր գարշութիւններն Իսրայէլի որդկանց բոլոր երկիրներիցը. Եւ Իսրայէլի մէջ բոլոր գտնուողներին ծառայութիւն անել տուաւ իրանց Տէր Աստուծոյ ծառայութիւնը. Եւ նորանք նորա բոլոր օրերումը չ’խոտորուեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ ետեւից։
← Ցանկ