Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ36
  • 1Եւ երկրի ժողովուրդն առան Յովսիայի որդի Յովաքազին եւ նորան թագաւոր արին իր հօր տեղ Երուսաղէմումը։
  • 2Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը։
  • 3Եւ նորան հեռացրեց աթոռից Եգիպտոսի թագաւորը Երուսաղէմումը, եւ երկրի վերայ հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրաւ։
  • 4Եւ Եգիպտոսի թագաւորը նորա եղբայր Եղիակիմին թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ, եւ նորա անունը փոխեց Յովակիմ. Իսկ նորա եղբայր Յովաքազին առաւ Նեքաւովը եւ տարաւ Եգիպտոս։
  • 5Յովակիմը քսանեւհինգ տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։
  • 6Նորա վերայ եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորան կապեց կրկնակի ոտնակապերով, որ նորան տանէ Բաբիլոն։
  • 7Եւ Նաբուգոդոնոսորը Տիրոջ տան անօթներիցը տարաւ Բաբիլոն եւ դրաւ նորանց Բաբիլոնում իր տաճարի մէջ։
  • 8Եւ Յովակիմի մնացորդ պատմութիւնը եւ նորա արած գարշութիւնները եւ նորա վերայ գտնուածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. Եւ նորա որդի Յովաքինը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 9Տասնևութը տարեկան էր Յովաքինը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմումը, եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։
  • 10Եւ հետեւեալ տարին Նաբուգոդոնոսոր թագաւորը զօրք ուղարկեց, եւ նորան տանել տուաւ Տիրոջ տան պատուական անօթներովը մէկտեղ Բաբիլոն. Եւ նորա հօր եղբայր Սեդեկիային թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։
  • 11Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան՝ երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։
  • 12Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին՝ Տիրոջ բերանից խօսող Երեմիա մարգարէի առաջին չ’խոնարհուեցաւ։
  • 13Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորի դէմ էլ ապստամբուեց որ իրան երդում էր տուել Աստուծով, եւ իր պարանոցը խստացրեց, եւ իր սիրտը պնդացրեց, որ Իսրայէլի Տէր Աստուծուն չ’դառնա։
  • 14Քահանաների բոլոր իշխաններն ու ժողովուրդն էլ խիստ շատ անօրէնութիւններ արին ուրիշ ազգերի բոլոր գարշութիւնների պէս, եւ պղծեցին Տիրոջ տունը, որ նա սրբել էր Երուսաղէմումը։
  • 15Եւ նորանց հայրերի Տէր Աստուածն ուղարկում էր նորանց իր պատգամաւորների ձեռքով առաւօտանց կանուխ իր պատգամները. Որովհետեւ խնայում էր իր ժողովրդին ու իր բնակարանին.
  • 16Բայց նորանք անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ ծաղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չ’մնաց։
  • 17Եւ նորանց վերայ բերաւ Քաղդէացիների թագաւորին, որ նա էլ սրով սպանեց նորանց երիտասարդներին իրանց սրբարանի տանը, եւ չ’խնայեց երիտասարդին, կոյսին, ծերին եւ ալեւորին. Բոլորը նորա ձեռքը մատնեց։
  • 18Եւ Աստուծոյ տան բոլոր անօթները՝ մեծերը եւ փոքրերը եւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի եւ նորա իշխանների գանձերը՝ բոլորը տարաւ Բաբիլոն.
  • 19Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին։
  • 20Իսկ սուրից մնացածներին գերի տարաւ Բաբիլոն, եւ նորանք նորա ու նորա որդկանցը ծառաներ եղան մինչեւ Պարսից թագաւորութեան թագաւորելը,
  • 21Որպէս զի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուի, մինչեւ որ երկիրը վայելէ իր շաբաթները. Աւերման բոլոր օրերը նա շաբաթ պահեց, մինչեւ եօթանասուն տարին լրանալը։
  • 23Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկնքի Եհովայ Աստուածը տուել է ինձ երկրի բոլոր թագաւորութիւնները, եւ նա ինձ պատուիրել է նորա համար մի տուն շինել Երուսաղէմումը որ Յուդայումն է։ Ձեզանից ամեն ով որ նորա ժողովրդիցն է, նորա Եհովայ Աստուածն իր հետ լինի, եւ թող գնայ։
← Ցանկ