Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ4
  • 1Եւ մի պղնձի սեղան շինեց, երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն եւ բարձրութիւնը տասը կանգուն։
  • 2Եւ ձուլածոյ ծովը շինեց, նորա մէկ շրթունքից մինչեւ միւս շրթունքը տասը կանգուն էր, բոլորաձեւ էր շուրջանակի, եւ հինգ կանգուն բարձրութիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան շրջապատում էր նորան շուրջանակի.
  • 3Եւ եզների նմանութիւններ կային նորա տակին, որ շուրջանակի նորան շրջապատում էին, և կոճակները տասը՝ մէկ կանգունում պատում էին ծովը շուրջանակի. Երկու կարգ եզներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։
  • 4Նա կանգնած էր տասնեւերկու եզների վերայ՝ երեքը նայում էին հիւսիս, եւ երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ եւ երեքը նայում էին դէպի արեւելք, եւ ծովը վերեւից նորանց վերայ էր. Եւ նորանց ամենի ետեւի կողմերը դէպի ներս էր։
  • 5Եւ նորա հաստութիւնը ձեռքի չափ էր, եւ նորա շրթունքը բաժակի շրթունքի գործ էր իբրեւ շուշան ծաղիկ։ Պարունակութիւնը երեք հազար մար էր տանում։
  • 6Եւ տասը աւազան շինեց, եւ հինգը դրաւ աջ կողմին եւ հինգը ձախ կողմին նորանց մէջ լուացուելու համար. Ողջակէզի բաները նորանցում էին լուանում. Իսկ ծովը որ քահանաները լուացուէին նորանում։
  • 7Եւ տասը ոսկի աշտանակը շինեց իրան գաղափարին համեմատ եւ դրաւ տաճարումը՝ հինգը աջ կողմին եւ հինգը ձախ կողմին։
  • 8Եւ տասը սեղան շինեց եւ դրաւ տաճարումը՝ հինգը աջ կողմին եւ հինգը ձախ կողմին. Եւ հարիւր ոսկի կոնքեր շինեց։
  • 9Եւ շինեց քահանաների սրահը, մեծ սրահը եւ սրահի դռները. Եւ նորանց դռները պատեց պղնձով։
  • 10Եւ ծովը դրաւ աջ կողմին դէպի արեւելք հարաւի կողմումը։
  • 11Եւ (Քիրամը) շինեց կաթսաները, թիակները եւ կոնքերը։ Եւ Քիրամը վերջացրեց այն բոլոր գործը, որ արաւ Սողոմոն թագաւորի համար Աստուծոյ տանը.
  • 12Երկու սիւները, եւ գունտ խոյակները այն երկու սիւների գլխներին, եւ երկու ցանցերը այն երկու գունտ խոյակները, որ սիւների գլխներին էին, ծածկելու համար,
  • 13Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէ այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են.
  • 14Եւ շինեց մեքենովթները, եւ շինեց աւազանները մեքենովթների վերայ։
  • 15Մէկ ծովը, եւ տասնեւերկու եզները նորա տակին.
  • 17Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ նորանց ձուլել տուաւ թագաւորը Սոկքովթի եւ Սարեդայի մէջտեղը։
  • 18Եւ Սողոմոնը շինեց այս բոլոր գործիքները խիստ շատ, այնպէս որ չ’որոշուեցաւ պղնձի կշիռը։
  • 19Եւ Սողոմոնը շինեց Աստուծոյ տան բոլոր գործիքները, ոսկի սեղանը եւ սեղանները, որոնց վերայ լինում էին առաջաւորութեան հացը.
  • 20Եւ աշտանակները ու նորանց ճրագները, որ նորանց վառեն ըստ կարգին դաբիրի առաջը՝ մաքուր ոսկիից.
  • 21Նաեւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից՝ բոլորովին ոսկիից.
  • 22Եւ բազմակալները, տաշտերը, տուփերը եւ բուրվառները՝ մաքուր ոսկիից. Եւ տան դռները՝ սրբութեանց սրբութիւնի ներսի դռան փեղկերը եւ տաճարի տան դռները՝ ոսկիից։
← Ցանկ