Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ7
  • 1Եւ երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը. Եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։
  • 2Եւ քահանաները չ’կարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։
  • 3Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վերայ էր. Եւ ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
  • 4Եւ թագաւորն՝ ու բոլոր ժողովուրդը զոհեր էին մատուցանում Տիրոջ առաջին։
  • 5Եւ Սողոմոն թագաւորը քսանեւերկու հազար արջառ եւ հարիւր քսան հազար ոչխար զոհ արաւ, այսպէս թագաւորն ու բոլոր ժողովուրդն Աստուծոյ տան նաւակատիքն արին։
  • 6Եւ քահանաները կանգնած էին իրանց պաշտօնումը, եւ Ղեւտացիները՝ Տիրոջ նուագարաններովը, որ Դաւիթ թագաւորը շինել էր Տիրոջը գովելու, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է, Դաւիթի օրհներգութիւնը նորանց ձեռքովը լինելով, եւ քահանաները փողերը հնչեցնում էին նորանց առաջին. Եւ բոլոր Իսրայէլը կանգնած էր։
  • 7Եւ Սողոմոնը սրբեց Տիրոջ տան առաջին գաւիթի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերի ճարպը, որովհետեւ պղնձի սեղանը, որ Սողոմոնը շինել էր, չ’կարողացաւ պարունակել ողջակէզները եւ հացի նուէրը եւ ճարպը։
  • 8Եւ այն ժամանակ Սողոմոնը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ տօնը եօթը օր կատարեցին շատ մեծ ժողովքով Եմաթից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը։
  • 9Եւ ութերորդ օրը մեծ ժողովք արին, որովհետեւ եօթն օր սեղանի նաւակատիքն արին եւ եօթն օր՝ տօնը։
  • 10Եւ եօթներորդ ամսի քսանեւերեքերորդին Սողոմոնն արձակեց ժողովրդին իրանց վրանները՝ ուրախացած եւ զուարթ սրտով այն բարիքների համար, որ Տէրն արել էր Դաւիթին, Սողոմոնին եւ իր Իսրայէլ ժողովրդին։
  • 11Եւ Սողոմոնը վերջացրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ ամեն ինչ որ եկել էր Սողոմոնի սիրտը, որ անէր Տիրոջ տանը եւ իր տանը՝ յաջողուեց։
  • 12Եւ Տէրը երեւեցաւ գիշերը Սողոմոնին եւ ասեց նորան. Քո աղօթքը լսեցի եւ այս տեղը ընտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն։
  • 13Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չ’լինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ,
  • 14Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը։
  • 15Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։
  • 16Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ անունը յաւիտեան այնտեղ լինի. Եւ իմ աչքերն ու իմ սիրտն ամեն ժամանակ այնտեղ լինին։
  • 17Եւ դու էլ՝ եթէ իմ առաջին գնաս ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը եւ բոլոր քեզ պատուիրածիս պէս անես եւ իմ կանոններն ու իրաւունքները պահես,
  • 19Բայց եթէ դուք ետ դառնաք եւ թողէք իմ կանոններն ու պատուէրները որ ես տուել եմ ձեր առաջին եւ գնաք ուրիշ աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք,
  • 20Այն ժամանակ ես նորանց (Իսրայէլացիներին) պիտի պոկեմ այն երկրիցը, որ ես տուել եմ իրանց, եւ այս տունը որ ես սրբել եմ իմ անուան համար պիտի դէն գցեմ եւ նորան պիտի առակ ու խայտառակ անեմ բոլոր ազգերի մէջ։
  • 21Եւ այս բարձր տան մասին պիտի ամեն նորա մօտով անցնողը զարմանայ եւ ասէ. Ի՞նչու համար Տէրը այս երկրին եւ այս տանը այսպէս արաւ.
  • 22Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, որ նորանց հանել էր Եգիպտոսի երկրից եւ ուրիշ աստուածներ բռնեցին եւ երկրպագութիւն արին նորանց եւ ծառայեցին նորանց. Նորա համար նա այս բոլոր չարիքը բերաւ նորանց վերայ։
← Ցանկ