ՅՈԲ10
- 1Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.
- 2Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։
- 3Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։
- 4Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կ’տեսնես.
- 5Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.
- 6Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։
- 7Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չ’կայ։
- 8Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։
- 9Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։
- 10Դու չ’թափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։
- 11Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։
- 12Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։
- 13Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին.
- 14Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չ’արդարացնես։
- 15Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ տես թշուառութիւնս։
- 16Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կ’որսաս, եւ դարձեալ կ’յաղթահարես ինձ.
- 17Վկաներդ կ’նորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կ’շատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։
- 18Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չ’տեսնէր,
- 19Որ չ’եղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։
- 20Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։
- 21Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը.
- 22Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չ’կայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։
