ՅՈԲ11
  • 1Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.
  • 2Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.
  • 3Քո բարբաջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չ’լինի՞։
  • 4Որ ասում ես. Իմ խրատը մաքուր է. Եւ իստակ եմ քո աչքի առաջին։
  • 5Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.
  • 6Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. Ուրեմն իմացիր որ Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։
  • 7Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։
  • 8Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կ’անես դու. Դժոխքից խոր է նա, ի՞նչ կ’հասկանաս։
  • 9նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։
  • 10Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, ո՞վ նորան ետ կ’պահէ.
  • 11Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։
  • 12Բայց փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։
  • 13Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,
  • 14Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չ’բնակուէ։
  • 15Ահա այն ժամանակ կ’բարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կ’լինիս եւ չես վախենալ։
  • 16Որովհետեւ թշուառութիւնը կ’մոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կ’գայ.
  • 17Եւ կեանքը կէսօրից պայծառ կ’կանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։
  • 18Եւ դու ապահով կ’լինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կ’մտնես՝ ապահով կ’քնես.
  • 19Եւ կ’պառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կ’աղաչեն։
  • 20Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է։
← Ցանկ