ՅՈԲ29
  • 1Եւ Յոբը շարունակեց իր առակն առաջ տանիլ եւ ասեց.
  • 2Երանի՜ թէ առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր.
  • 3Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։
  • 4Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանի վերայ էր։
  • 5Երբոր Ամենակարողը տակաւին ինձ հետ էր. և իմ տղերքը իմ շուրջն էին։
  • 6Երբոր իմ գնացքը կոգիով էր ծփծփում, եւ ապառաժը մօտիս իւղի աղբիւրներ էր բղխում.
  • 7Երբոր դռնիցը դուրս էի գալիս քաղաքը, հրապարակումը դնում էի իմ աթոռը,
  • 8Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաք կենում, եւ ալեւորները վեր էին կենում կանգնում.
  • 9Իշխանները դէմ էին ընկնում խօսելիս, եւ ձեռները դնում էին իրանց բերաններին.
  • 10Ազնուականների ձայնը կտրվում էր, եւ նորանց լեզուն իրանց քիմքին էր կպչում։
  • 11Որովհետեւ մի ականջ որ լսում էր, ինձ երանի էր տալիս, եւ այն աչքը որ տեսնում էր, վկայութիւն էր տալիս ինձ.
  • 12Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։
  • 13Կորածի օրհնութիւնը ինձ վերայ էր գալիս, եւ որբեւայրիի սիրտը ուրախացնում էի.
  • 14Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։
  • 15Ես աչքեր էի կոյրին, եւ ես ոտքեր էի կաղին։
  • 16Եւ հայր էի աղքատներին, եւ ինձ անծանօթի դատը քննում էի.
  • 17Եւ փշրում էի անիրաւի ժանիքը. Եւ նորա ատամներիցը որսը խլում էի.
  • 18Եւ ասում էի. Բոյնիս կշտին կ’մեռնեմ, եւ աւազի չափ կ’շատացնեմ օրերս.
  • 19Արմատներս ջրին կ’բացուին, եւ ցօղը կ’օթեւանէ իմ ոստերի վերայ.
  • 20Փառքս նոր կ’մնայ ինձ հետ, եւ աղեղս ձեռքիս կ’նորոգուի։
  • 21Ինձ ականջ էին դնում եւ սպասում, եւ իմ խորհուրդին լռում էին։
  • 22Իմ խօսելուց յետոյ չէին կրկնում, եւ նորանց վերայ կաթում էր իմ ասածը։
  • 23Ինձ սպասում էին ինչպէս անձրեւի, եւ բերանները բանում էին իբր ետքի անձրեւի համար։
  • 24Եթէ ես ծիծաղէի նորանց վերայ, չէին հաւատալ. Եւ իմ երեսի լոյսը նորանք չէին նսեմացնել։
  • 25Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրև մէկը որ սգաւորներ է մխիթարում։
← Ցանկ