ՅՈԲ31
- 1Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ։
- 2Եւ ի՞նչ բաժին կայ Աստուածանից վերեւից, եւ ժառանգութիւն Ամենակարողից բարձրերիցը։
- 3Չէ՞ որ ամբարշտի համար կորուստ կայ. Եւ չարիք՝ անօրէնութիւն գործողների համար։
- 4Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը։
- 5Եթէ ես ստութեամբ եմ շրջել, եւ իմ ոտքը շտապել է նենգութեան,
- 6Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։
- 7Եթէ իմ ոտքը խոտորել է ճանապարհիցը, եւ իմ սրտին հետեւել իմ աչքը, եւ իմ ձեռքերին կպել մի արատ,
- 8Թող ես սերմեմ, եւ ուրիշն ուտէ, եւ իմ շառաւիղները արմատից խլուին։
- 9Եթէ սիրտս մոլորուել է մի կնոջ մասին, եւ ես դարանամուտ եմ եղել իմ դրացիի դռան,
- 10Իմ կինը ուրիշի համար աղօրիքը դարձնէ, եւ նորա վերայ ծռեն ուրիշները։
- 11Որովհետեւ դա պղծագործութիւն է, եւ դատաւորների դատելի անօրէնութիւն։
- 12Որովհետեւ դա մի կրակ է՝ մինչեւ տարտարոսը լափող, որ իմ բոլոր արդիւնքն արմատիցը կ’խլէ։
- 13Եթէ ես արհամարհել եմ իմ ծառայի կամ աղախնի իրաւունքը, նորանք ինձ հետ վէճ ունեցած ժամանակին,
- 14Այն ժամանակ ես ի՞նչ կ’անեմ, երբոր Աստուած վեր կենայ. Եւ երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կ’տամ.
- 15Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։
- 16Եթէ աղքատի ուզածը մերժել եմ, եւ որբեւայրիի աչքերը հանգցրել եմ,
- 17Եթէ պատառս մինակ եմ կերել, եւ որբը նորանից չէ կերել,
- 18(Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)
- 19Եթէ ես մէկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ թէ որ ծածկոց չ’ունի աղքատը,՝՝
- 20Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,
- 21Եթէ իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վերայ, երբոր ես դռան մէջ տեսայ իմ օգնութիւնը,
- 22Թող իմ թեւը իմ ուսիցը վայր ընկնէ, եւ բազուկս արմունկիցս կոտրուի։
- 23Որովհետեւ Աստուծոյ կորցնելը վախ էր ինձ վերայ. Եւ նորա մեծափառութիւնիցը չէի կարող պրծնել։
- 24Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն.
- 25Եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է, եւ ձեռքս առատութիւն է գտել.
- 26Կամ եթէ նայել եմ արեւին, երբոր փայլում էր, եւ լուսնին, երբոր պայծառութեամբ գնում էր,
- 27Կամ սիրտս խաբուել է ծածուկ, եւ ձեռքս պագել է բերանս.
- 28Որ դա էլ դատաւորների դատելի անօրէնութիւն է. Որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ.
- 29Եթէ ուրախացել եմ ատողիս կորուստովը, կամ զուարճացել եմ որ նորան չարիք է հանդիպել.
- 30Այլ նոյն իսկ թող չեմ տուել կոկորդիս մեղանչելու նորա անձի համար անէծք փափաքելով.
- 31Եթէ իմ վրանի մարդիկն ասած չ’լինին. Ոհ թէ չ’կշտանայինք նորա մսիցը.
- 32(Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին.)
- 33Եթէ յանցանքս ծածկել եմ Ադամի պէս, որ պահէի ծոցումս իմ անօրէնութիւնը,
- 34Որովհետեւ վախեցած լինիմ շատ բազմութիւնից, եւ ցեղերի անարգանքը զարհուրեցրած լինի, եւ ես լռած եւ դռնիցը դուրս եկած չ’լինիմ.
- 35Երանի՜ ինձ, թէ մէկը ինձ լսէր. (ահա իմ փափաքը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանէր,) եւ մի գիրք գրէր իմ ջատագովը,
- 36Անշուշտ նորան ուսիս վերայ կ’առնէի, եւ պսակի պէս կ’կապէի ինձ վերայ։
- 37Քայլերիս համարանքը նորան կ’իմացնէի, իշխանի պէս կ’մօտենայի նորան։
- 38Եթէ ինձ դէմ աղաղակել է իմ երկիրը, եւ նորա համայն ակօսները լացել են,
- 39Եթէ նորա արդիւնքը կերել եմ առանց փողի, եւ նորա տիրոջ հոգին հանգցրել եմ,
- 40Թող ցորենի տեղ փուշ դուրս գայ, եւ գարիի տեղ որոմ։ Յոբի խօսքերը վերջացան։
