ՅՈԲ36
- 1Եւ Եղիուսը շարունակելով ասեց.
- 2Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։
- 3Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։
- 4Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։
- 5Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։
- 6Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կ’տայ։
- 7Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կ’դնէ յաւիտեան, եւ նորանք կ’բարձրանան։
- 8Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,
- 9Այն ժամանակ կ’յայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։
- 10Եւ նա կ’բանայ նորանց ականջը խրատի, եւ կ’պատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։
- 11Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կ’վերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։
- 12Բայց եթէ չ’լսեն, սրով կ’անցնեն, եւ կ’մեռնեն առանց հասկացողութեան։
- 13Եւ սրտով կեղծաւորները բարկութիւն կ’դիզեն. Չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։
- 14Նորանց անձը կ’վախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։
- 15Իսկ նա աղքատին կ’ազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կ’բանայ նորանց ականջը։
- 16Քեզ էլ կ’հանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չ’կայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կ’լինէր։
- 17Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։
- 18Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։
- 19Մի՞թէ նա մի բանի տեղ կ’դնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։
- 20Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կ’տեղահանէ։
- 21Զգուշացիր, որ չ’դառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։
- 22Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։
- 23Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կ’համարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։
- 24Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։
- 25Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։
- 26Ահա Աստուած մեծ է, եւ մենք չ’գիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։
- 27Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.
- 28Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։
- 29Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։
- 30Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։
- 31Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։
- 32Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։
- 33Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։