ՅՈԲ36
  • 1Եւ Եղիուսը շարունակելով ասեց.
  • 2Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։
  • 3Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։
  • 4Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։
  • 5Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։
  • 6Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կ’տայ։
  • 7Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կ’դնէ յաւիտեան, եւ նորանք կ’բարձրանան։
  • 8Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,
  • 9Այն ժամանակ կ’յայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։
  • 10Եւ նա կ’բանայ նորանց ականջը խրատի, եւ կ’պատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։
  • 11Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կ’վերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։
  • 12Բայց եթէ չ’լսեն, սրով կ’անցնեն, եւ կ’մեռնեն առանց հասկացողութեան։
  • 14Նորանց անձը կ’վախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։
  • 15Իսկ նա աղքատին կ’ազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կ’բանայ նորանց ականջը։
  • 16Քեզ էլ կ’հանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չ’կայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կ’լինէր։
  • 17Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։
  • 18Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։
  • 19Մի՞թէ նա մի բանի տեղ կ’դնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։
  • 20Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կ’տեղահանէ։
  • 21Զգուշացիր, որ չ’դառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։
  • 22Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։
  • 23Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կ’համարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։
  • 24Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։
  • 25Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։
  • 26Ահա Աստուած մեծ է, եւ մենք չ’գիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։
  • 27Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.
  • 28Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։
  • 29Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։
  • 30Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։
  • 31Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։
  • 32Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։
  • 33Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։
← Ցանկ