ՅՈԲ38
  • 1Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց.
  • 2Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։
  • 3Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։
  • 4Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։
  • 5Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։
  • 6Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.
  • 7Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։
  • 8Եւ ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից.
  • 9Երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր.
  • 10Եւ իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի.
  • 11Եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չ’անցնես. Այստեղ կ’դադարեն քո փառահեղ ալիքները։
  • 12Քո օրերումը երբէք մէկ առաւօտի հրամայե՞լ ես, ցոյց տուե՞լ ես արշալուսին իր տեղը,
  • 13Որ բռնէ երկրի ծայրերը. Եւ թօթափուին անզգամները նորանից։
  • 14Որ նա փոխուի ինչպէս կնիքի կաւը, եւ բաները ներկայանան իբրեւ զգեստաւորուած.
  • 15Եւ ամբարիշտներիցն արգելուի իրանց լոյսը եւ բարձր բազուկը կոտրուի։
  • 16Արդեօք գնացե՞լ ես մինչեւ ծովի աղբիւրները, եւ անդունդի խորքումը ման եկե՞լ ես.
  • 18Արդեօք հասկացե՞լ ես մինչեւ երկրի լայնքերը. Ասիր, եթէ գիտես ամենը։
  • 19Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լոյսը, եւ ո՞րն է խաւարի տեղը.
  • 20Որ դու նորան տանէիր իր սահմանը, եւ գիտենայիր նորա տան շաւիղները։
  • 21Դու գիտե՜ս, որովհետեւ այն ժամանակին ծնուեցիր, եւ քո օրերի թիւը շա՜տ է։
  • 22Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես.
  • 23Որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար։
  • 24Այն ո՞ր ճանապարհն է, որով լոյսը բաժանվում է, տարածվում է արեւելեան քամին՝ երկրի վերայ։
  • 25Ո՞վ է հեղեղների համար անցք բանում, եւ ճանապարհ՝ որոտմանց փայլակի համար.
  • 26Որ անձրեւ գայ անմարդաբնակ երկրի վերայ, անապատումը՝ ուր որ մարդ չ’կայ,
  • 27Որ ամայի եւ ամայացուած տեղերը կշտացնէ, եւ որ դալար խոտ բուսցնէ։
  • 28Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը։
  • 29Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամի ծնողն ո՞վ է։
  • 30Ջուրերը պնդանում են քարի պէս, եւ անդունդի երեսը սառչում է։
  • 31Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել, կամ Հայկի կշկուռները՝ բանալ։
  • 32Կ’հանե՞ս Կենդանակերպերն իրանց ժամանակին, եւ Արջն իր զաւակների հետ կ’առաջնորդե՞ս.
  • 33Գիտե՞ս երկնքի կանոնները, կամ դո՞ւ ես դնում նորա իշխանութիւնը երկրի վերայ։
  • 34Կարո՞ղ ես ձայնդ բարձրացնել ամպերին, որ մի ջրհեղեղ քեզ ծածկէ.
  • 35Կայծակներ ուղարկել որ գնան, եւ քեզ ասեն. Ահա այստեղ ենք։
  • 36Ո՞վ դրաւ երիկամունքներում իմաստութիւն, կամ սրտին ո՞վ տուաւ հանճար։
  • 37Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,
  • 38Երբոր փոշին ձուլածոյ է ձուլվում, եւ հողի կոշտերը իրար են կպչում։
  • 39Կարո՞ղ ես առիւծի համար աւար որսալ, եւ կորիւնների ախորժակը կշտացնել,
  • 40Երբոր նորանք կուճ են գալիս այրերումը եւ դարան նստում որջերումը։
  • 41Ո՞վ է ագռաւի համար նորա որսը պատրաստում, երբոր նորա ձագերն աղաղակում են առ Աստուած, եւ թափառում առանց ուտեստի։
← Ցանկ