ՅՈԲ40
- 1Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
- 2Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
- 3Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
- 4Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
- 5Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
- 6Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
- 7Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
- 8Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
- 9Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
- 10Մէկ զարդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
- 11Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
- 12Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
- 13Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.
- 14Այն ժամանակ ես էլ քեզ կ’գովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
- 15Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
- 16Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
- 17Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
- 18Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
- 19Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կ’մօտեցնէ նորան իր սուրը։
- 20Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
- 21Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
- 22նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
- 23Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ Յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
- 24Նորա աչքի առաջին նա կ’բռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։