ՅՈԲ4
- 1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
- 2Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կ’դժուարանա՞ս. Եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չ’խօսէ։
- 3Ահա դու շատերին ես խրատել, եւ տկար ձեռքերը՝ զօրացրել։
- 4Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես։
- 5Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. Քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։
- 6Մի՞թէ քո երկիւղածութիւնը չէ քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։
- 7Յիշիր, թէ ո՞ր անմեղն է կորել. Եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։
- 8Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։
- 9Աստուծոյ շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։
- 10Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։
- 11Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրուվում են։
- 12Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.
- 13Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.
- 14Երկիւղ պատահեց ինձ եւ դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.
- 15Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։
- 16Նա կանգնեց, եւ ես չ’ճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ
- 17Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։
- 18Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.
- 19Ո՞ւր մնացին կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը փոշիի մէջ է, և որոնք ջարդվում են ցեցի նման։
- 20Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան։
- 21Ահա նորանց լարը կ’կտրուի՝՝, և նորանք կ’մեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։