ԱՌԱԿԱՑ22
- 1Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ։
- 2Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. նորանց ամենքի անողը Տէրն է։
- 3Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում։
- 4Խոնարհութեան և Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ ու կեանք։
- 5Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. իր հոգին կ’պահպանէ ով որ նորանցից հեռանայ։
- 6Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։
- 7Հարուստ աղքատներին կ’տիրէ, եւ փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին։
- 8Չարութիւն ցանողը անօրէնութիւն կ’հնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ։
- 9Բարի աչք ունեցողը օրհնուած կ’լինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։
- 10Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կ’գնայ, եւ վէճն ու անարգանքը կ’դադարէ։
- 11Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։
- 12Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը։
- 13Ծոյլն ասում է. Առիւծ կայ դրսումը. Հրապարակների մէջ կ’սպանուիմ։
- 14Խոր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ որ Տէրը բարկացած է՝ նա այնտեղ կ’ընկնի։
- 15Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից։
- 16Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. Ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է։
- 17Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։
- 18Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ։
- 19Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր։
- 20Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ.
- 21Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, որ քեզ հարցնողներին ճշմարտութեան խօսքեր պատասխանես։
- 22Մի կողոպտիր աղքատին որովհետեւ աղքատ է. Եւ տնանկին մի կոխիր դատարանումը.
- 23Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կ’կողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին։
- 24Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։
- 25Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար։
- 26Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում.
- 27Եթէ դու չ’ունենաս վճարելու, ի՞նչու համար անկողինդ տակիցդ առնեն։
- 28Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։
- 29Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. Նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ։
