ԵՐԳ ԵՐԳՈՑ1
  • 1Սողոմոնի երգ երգոցը։
  • 2Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։
  • 3Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. Թափուած իւղ է քո անունը. Նորա համար սիրում են քեզ օրիորդները։
  • 4Քաշիր ինձ, ետեւիցդ կ’վազենք. Թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. Ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. Քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. Ուղղութեամբ սիրում են քեզ։
  • 5Սեւ եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղէմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագոյրների նման։
  • 6Մի նայիք որ ես սեւացած եմ, որովհետեւ արեւն ինձ խանձել է. Մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին. Բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։
  • 7Ասիր ինձ, ով հոգիիս սիրածը, ո՞րտեղ ես արածեցնում. Ո՞րտեղ ես տաւարը իջեցնում կէս օրին. Ապա ես ի՞նչու համար թափառականի պէս լինիմ քո ընկերների հօտերի մօտ։
  • 8Եթէ դու չ’գիտես, ով կանանց գեղեցկագոյնը, դուրս եկ հօտի ետեւիցը, եւ արածեցրու ուլերիդ՝ հովիւների վրանների կշտին։
  • 9Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս։
  • 10Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։
  • 12Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։
  • 13Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. Ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։
  • 14Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադդիի այգեստանումը։
  • 15Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. Ահա գեղեցիկ ես. Աչքերդ աղաւնիների աչքեր են։
  • 16Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։
  • 17Մեր տների գերանները եղեւնափայտ են, մեր առիքները՝ մայր փայտ։
← Ցանկ