ԵՐԳ ԵՐԳՈՑ2
  • 1Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շուշանն եմ։
  • 2Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։
  • 3Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։
  • 5Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. Որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։
  • 6Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։
  • 7Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. Մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
  • 8Իմ սիրականի ձայնն է. Ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։
  • 9Իմ սիրականը նման է այծեամի կամ եղնիկի ձագին. Ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։
  • 10Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։
  • 11Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։
  • 12Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։
  • 13Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։
  • 14Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. Ցոյց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր. Որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։
  • 15Բռնեցէք մեզ համար աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. Որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։
  • 16Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. Նա արածեցնում է շուշանների մէջ։
  • 17Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. Ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր այծեամին, կամ եղնիկի ձագին, որ պատառոտուած սարերի վերայ են։
← Ցանկ