ԵՐԳ ԵՐԳՈՑ4
  • 1Ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, գեղեցի՜կ. Աչքերդ աղաւնիի աչքերի նման են ծամերիդ ետեւիցը. Մազերդ Գաղաադի սարումը պառկող այծերի հօտին են նման։
  • 2Ատամներդ լուացարանից դուրս եկող խուզած հօտի նման են. Որոնք ամենքը երկուորեակ ծնողներ են, եւ ամուլը չ’կայ նորանց մէջ։
  • 3Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, եւ բերանդ վայելուչ է. Կիսած նռնի նման՝ այտերդ ծամերիդ տակին։
  • 4Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին՝ զինարանի համար շինուած. Ուր հազար ասպար կան կախուած, բոլորն էլ քաջազունների վահաններ։
  • 5Զոյգ ստինքդ նման է մի զոյգ ուլերի, երկուորեակ այծեամի, որ տարածում են շուշանների մէջ։
  • 6Քանի որ փչում է օրուայ քամին, եւ փախչում են նորա ստուերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը։
  • 7Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. Եւ քեզ վերայ չ’կայ մի արատ։
  • 8Արի ինձ հետ Լիբանանիցը, ով հարս, ինձ հետ Լիբանանիցը. Մտիկ տուր Ամանայի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի գագաթից. Առիւծների բանակատեղից, ինձերի սարերիցը։
  • 9Սիրտս յափշտակել ես, ով իմ քոյր հարս. Սիրտս յափշտակել ես նայուածքներիդ մէկովը, պարանոցիդ մանեակների մէկովը։
  • 10Ի՜նչ գեղեցիկ է քո սէրը, ով իմ քոյր հարս, ինչ լաւ է քո սէրը գինիից, եւ քո իւղերի բուրմունքը՝ ամեն խունկերից։
  • 11Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզուիդ տակին. Եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է։
  • 13Քո ոստերը նռնենիների դրախտ է պատուական պտուղներով, հինաներով ու նարդոսներով.
  • 14Նարդոս եւ քրքում, եղէգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով եւ հալուէով, բոլոր գլխաւոր բուրմունքներով.
  • 15Պարտէզների աղբիւր, կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ։
  • 16Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռուին նորա բուրմունքը։ Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները։
← Ցանկ