ԵՐԳ ԵՐԳՈՑ5
  • 2Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է. Սիրականիս ձայնն է, դուռը թակում է. Բաց ինձ համար, ով քոյրս, ընկերուհիս, աղաւնիս, կատարեալս. Որովհետեւ գլուխս լիքն է ցօղով, վարսերս՝ գիշերուայ շաղերով։
  • 3Իմ պատմուճանը ես հանել եմ. Ես ի՞նչպէս հագնեմ նորան. Ոտներս լուացել եմ, ես ի՞նչպէս աղտոտեմ նորանց։
  • 4Սիրականս ձեռքը մեկնեց ծակովը. Եւ աղիքս գալարուեցան նորա համար.
  • 5Ես վեր կացայ որ բանամ սիրականիս համար. Եւ ձեռքերիցս զմուռս կաթեց, եւ մատերիցս հեղուկ զմուռս փականքի բռնատեղի վերայ։
  • 6Ես բացի սիրականիս համար, բայց իմ սիրականը դարձել անցել էր. Սիրտս գնացել էր՝ նա խօսելիս, որոնեցի նորան բայց չ’գտայ. Կանչեցի, բայց չ’պատասխանեց։
  • 7Ինձ գտան քաղաքումը շուռ եկող պահապանները, խփեցին վիրաւորեցին ինձ. Վեր առան քօղս վերայիցս պարիսպների պահապանները։
  • 8Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. Ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես։
  • 9Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, ով կանանց գեղեցիկդ, ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, որ մեզ այդպէս երդում ես տալիս։
  • 10Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է։
  • 11Նորա գլուխը ոսկի է մաքուր, նորա գէսերը ծածանվում են, սեւ են ագռաւի պէս։
  • 12Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիներին նման են. Կաթի մէջ են լողում, ընդելուզուած ակունքի պէս նստած են։
  • 13Նորա այտերը բալասանի ածուի պէս են, ծաղկանց բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուռս կաթող շուշաններ են։
  • 14Ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նորա որովայնը փղոսկրեայ բանուածք է, շափիւղաներով պատուած։
  • 15նորա սրունքները մարմարեայ սիւներ են, հաստատուած մաքուր ոսկիի խարիսխների վերայ. Կերպարանքը՝ Լիբանանի պէս, ընտիր՝ եղեւինների նման։
  • 16Նոր քիմքը քաղցրեղէններ է, եւ նա ինքը բոլորովին ցանկալիք է. Ահա իմ սիրականը, եւ ահա իմ ընկերը, ով Երուսաղէմի աղջկերք։
← Ցանկ