ԵՍԱՅԻԱ58
  • 1Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պէս բարձրացրու ձայնդ, եւ իմացրու իմ ժողովրդին իրանց յանցանքը, եւ Յակոբի տանն՝ իրանց մեղքերը.
  • 2բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ.
  • 3Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. Մենք ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չ’գիտես։ Ահա ձեր ծոմ օրը բաղձանք էք կատարում, եւ ձեր բոլոր աշխատաւորներին նեղում էք։
  • 4Ահա կռուի եւ հակառակութեան համար էք ծոմ պահում, եւ անզգամութեան բռունցքով զարկելու համար. Դուք այս օրը ծոմ չէք պահում, որ ձեր ձայնը լսելի անէք բարձրումը։
  • 5Այսպէ՞ս կ’լինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։
  • 6Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։
  • 7Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։
  • 8Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։
  • 9Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես,
  • 10Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լոյսը կ’ծագի խաւարումը, եւ քո խաւարը կ’լինի կէս օրուայ պէս։
  • 11Եւ Տէրը քեզ միշտ կ’առաջնորդէ, եւ կ’կշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կ’զօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կ’լինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ։
  • 12Եւ քոնոնքը պիտի շինեն մշտակայ աւերակները. Եւ դու կ’կանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կ’կոչեն՝ խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող։
  • 13Եթէ ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չ’կատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջը նուիրուածը՝ պատուական, եւ նորան պատուես՝ քո ճանապարհները չ’կատարելով, եւ քո բաղձանքը չ’լրացնելով եւ դատարկաբանութիւն չ’անելով,
  • 14Այն ժամանակ կ’զուարճանաս Տէրովը, եւ ես քեզ վեր կ’հանեմ երկրի բարձր տեղերը, եւ քեզ կ’ուտեցնեմ քո հայր Յակոբի ժառանգութիւնը. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։
← Ցանկ