ԵՍԱՅԻԱ59
  • 1Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց.
  • 2Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. Եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չ’լսէ։
  • 3Որովհետեւ ձեր ձեռքերը պղծուած են արիւնով, եւ ձեր մատերը՝ անօրէնութիւնով, ձեր շրթունքները սուտ են խօսում, ձեր լեզուն անիրաւութիւն է արտաբերում։
  • 4Չ’կայ արդարութեամբ բողոքող, եւ չ’կայ ճշմարտութեամբ դատ վարող, նորանք յոյս են դնում դարտակ բաների, եւ խօսում են ունայնութիւն. յղի են թշուառութիւնով եւ կ’ծնեն անօրէնութիւն։
  • 5Քարբի ձուերով են թուխս գալիս, եւ սարդի ոստայն են հինում, նորանց ձուերիցն ուտողը կ’մեռնի, եւ կոտրուողիցը իժ է դուրս պրծնում։
  • 6Նորանց ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանք ձեռքինը։
  • 7Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։
  • 8Խաղաղութեան ճանապարհը չ’գիտեն, եւ իրաւունք չ’կայ նորանց ուղիներումը. իրանց շաւիղները ծռմռել են, ամեն ով որ նորանում ման է գալիս՝ խաղաղութիւն չ’գիտէ։
  • 9Սորա համար իրաւունքը հեռացաւ մեզանից, եւ մեզ չէ հասնում արդարութիւնը. սպասում ենք լոյսի՝ եւ ահա խաւարը, պայծառութեան՝ եւ ահա մառախուղում ենք ման գալիս։
  • 10Կոյրերի պէս պատն ենք շօշափում, եւ աչք չ’ունեցողի պէս խարխափում ենք. Գլորվում ենք կէս օրին կարծես թէ գիշեր լինի, պարարտների մէջ լինելով մեռելների պէս ենք։
  • 11Ամենքս մռնչում ենք արջերի պէս, եւ աղաւնիների պէս ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չ’կայ, փրկութեան՝ բայց նա մեզանից հեռու է։
  • 12Որովհետեւ շատացել են մեր յանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դէմ, որովհետեւ մեր յանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրէնութիւնները գիտենք։
  • 13Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել։
  • 14Եւ դատաստանը ետ է դառել, եւ արդարութիւնը՝ հեռուանց կանգնել, որովհետեւ ճշմարտութիւնը գլորվում է հրապարակումը, եւ ուղղութիւնը չէ կարողանում ներս մտնել։
  • 15Ճշմարտութիւնը աներեւոյթ է դառնում, եւ չարութիւնից հեռացողը կողոպտվում է։ Եւ Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չ’մնաց։
  • 16Եւ տեսաւ որ մարդ չ’կար, եւ զարմացաւ որ միջնորդ չ’կար. Եւ նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց։
  • 17Եւ նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. Եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս։
  • 18գործերին համեմատ հատուցում է տալու. Բարկութիւն՝ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին, եւ կղզիներին իրանց վարձքը պիտի հատուցանէ։
  • 19Եւ պիտի վախենան Տիրոջ անունից արեւմուտքից եղողները, եւ նորա փառքիցը՝ արեւելքից եղողները. Երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կ’փախցնէ։
  • 20Եւ Փրկիչ պիտի գայ Սիօնի համար, եւ Յակոբի մէջ յանցանքից ետ դարձողների համար, ասում է Տէրը։
  • 21Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չ’պակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
← Ցանկ