ԵՍԱՅԻԱ58
  • 1Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պէս բարձրացրու ձայնդ, եւ իմացրու իմ ժողովրդին իրանց յանցանքը, եւ Յակոբի տանն՝ իրանց մեղքերը.
  • 2բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ.
  • 3Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. Մենք ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չ’գիտես։ Ահա ձեր ծոմ օրը բաղձանք էք կատարում, եւ ձեր բոլոր աշխատաւորներին նեղում էք։
  • 4Ահա կռուի եւ հակառակութեան համար էք ծոմ պահում, եւ անզգամութեան բռունցքով զարկելու համար. Դուք այս օրը ծոմ չէք պահում, որ ձեր ձայնը լսելի անէք բարձրումը։
  • 5Այսպէ՞ս կ’լինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։
  • 6Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։
  • 7Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։
  • 8Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։
  • 9Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես,
  • 10Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լոյսը կ’ծագի խաւարումը, եւ քո խաւարը կ’լինի կէս օրուայ պէս։
  • 11Եւ Տէրը քեզ միշտ կ’առաջնորդէ, եւ կ’կշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կ’զօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կ’լինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ։
  • 12Եւ քոնոնքը պիտի շինեն մշտակայ աւերակները. Եւ դու կ’կանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կ’կոչեն՝ խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող։
  • 14Այն ժամանակ կ’զուարճանաս Տէրովը, եւ ես քեզ վեր կ’հանեմ երկրի բարձր տեղերը, եւ քեզ կ’ուտեցնեմ քո հայր Յակոբի ժառանգութիւնը. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։
← Ցանկ