ԵՐԵՄԻԱ47
  • 1Տիրոջ այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Փղշտացիների նկատմամբ՝ Փարաւօնը Գազան զարկելուց առաջ։
  • 2Տէրը այսպէս է ասում. Ահա ջուրեր են վեր գալիս հիւսիսիցը եւ յորդած հեղեղ են դառնում, եւ պիտի հեղեղեն երկիրը եւ նորա լիութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին. Եւ մարդիկ պիտի աղաղակեն, եւ երկրի բոլոր բնակիչները պիտի ոռնան։
  • 3Նորա երիվարների սմբակների տրոփելու ձայնիցը, նորա կառքերի շաչիւնից եւ նորա անիւների շառաչիւնից, հայրերը պիտի չ’նայեն որդկանց վերայ ձեռքերի թուլութիւնիցը։
  • 4Այն օրուայ համար, որ գալիս է բոլոր Փղշտացիներին կորցնելու, Տիւրոսին եւ Սիդոնին բնաջինջ անելու, բոլոր ազատուած օգնականներին. Որ Տէրը պիտի աւերակ անէ Փղշտացիներին, Կափթոր կղզիի մնացորդներին։
  • 5Գազայի վերայ կնտութիւն եկաւ, Ասկաղոնը աւերակ եղաւ իր հովտի մնացորդովը. Մինչեւ ե՞րբ պիտի քեզ կտորես։
  • 6Աւա՜ղ, ով Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ չես դադարելու, ետ քաշուիր քո պատեանը, հանգիստ եղիր եւ լռիր։
  • 7Ի՞նչպէս ես կարող հանգստանալ. Քանի որ Եհովան պատուիրել է քեզ. Ասկաղոնի եւ ծովեզերքի դէմ նշանակել է քեզ։
← Ցանկ